«Ես չէի համեմատի արևի հետ: Համեմատությունը, որ դուք բերեցիք, պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ շատ երկար ժամանակ կառավարեցին, ոմանք հաջող, մյուսները՝ շատ անհաջող: Բայց սա այդ դեպքը չէ, անցել է ընդամենը չորս ամիս: Փաշինյանը, գուցե մետեորիտ կամ գիսաստղ է, որը շատ արագ է այրվում»,-այդ մասին «Коммерсант» պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով հարցազրուցավարի այն հարցին, թե արդյո՞ք Փաշինյանն այն արևն է, որը կարող է երկիրը մղել առաջընթացի։
Քոչարյանն ընդգծել է, թե կարող է աղետ լինել, եթե այդ արևը անկանխատեսելի է, անհասկանալի, հիստերիկ և չի տեսնում հեռանկարներ։
Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը, ապա Քոչարյանի խոսքով դա տեղի է ունեցել, քանի որ Փաշինյանը զգացել է բողոքական տրամադրություններ և ժամանակին է գործել, ինչն էլ հանգեցրել է իշխանափոխության»։
Քոչարյանի խոսքով՝ չորս ամիսը բավարար ժամանակահատված է՝ հասկանալու, թե իշխանություններն ինչ արժեքների վրա են հիմնվում, և արդյոք կարող են համակարգային աշխատանք կատարել, և այդ ընթացքում նա հասկացել է, որ նոր իշխանությունը «քաոսային է, տնտեսական իրավիճակին չի տիրապետում, չունի գործողությունների հստակ ծրագիր»։
«Կառավարության կազմը էկլեկտիկ է, չկան հստակ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ,-նշել է Քոչարյանը՝ միաժամանակ նկատելով,-կա բավականին վառ առաջնորդ, սակայն պոպուլիզմի նրա անզուգական ձգտումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Դա ինձ հիշեցնում է լատինաամերիկյան պոպուլիզմը՝ Ուգո Չավեսի ոճով: Եթե համեմատեք նույնականությունը, ապա դա շատ նման է»։
ՀՀ երկրորդ նախագահը «Коммерсант»-ին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է նաև իր՝ քաղաքականության վերադառնալու հարցին, հարցազրուցավար Վլադիմիր Սոլովյովին պատմել է, թե ինչպես է ընկերացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու որքան ամուր է իրենց ընկերությունը, ինչու է վստահ իր հաջողության մեջ ու թե՝ ումը կլինի Ղրիմը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։