«Սանիթեք» ընկերությունը արձագանքել է այսօր «Ժամանակ» օրաթերթի այն հրապարակմանը, թե ««Սանիտեկի» աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասը իրականում պատկանել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հեղափոխությունից ու իր հրաժարականից հետո իր մեքենաները հանել է պարկից։ Հենց դա է պատճառը, որ հիմա ընկերության մեքենաները բավարար չեն քաղաքի աղբը հեռացնելու համար»։
«Սանիթեք»-ը հերքում է այդ տեղեկատվությունը՝ տարածած հաղորդագրությամբ վերահաստատելով, որ ընկերությունը ապաքաղաքական է:
«Խնդրում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց: Բոլոր այն ակտիվները, այդ թվում նաև գույքը, որոնք ունի «Սանիթեք» ընկերությունը, պատկանում են միայն և բացառապես ընկերությանը: Խորհուրդ ենք տալիս լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելու փոխարեն ներկայացնել հստակ ապացույցներով լի հոդված։
Եվս մեկ անգամ ցանկանում ենք նշել, որ «Սանիթեք» ընկերությունը երբևիցե որևէ անօրինական գործարքի մեջ չի մտել ու չի մտնելու որևէ քաղաքական ուժի կամ ինքնակառավարման մարմնի իշխող թիմի որևէ ներկայացուցչի հետ: Ընկերությունը պատրաստակամ է աշխատել յուրաքանչյուր ուժի հետ, ով կգլխավորի Երևանի քաղաքային իշխանությունը և համագործակցել բացառապես Քաղաքապետարանի՝ որպես կառայուցի հետ»,-ասված է ընկերության տնօրինության տարածած հայտարարությունում։