Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը FAST հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ։
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հիմնադրամի համագործակցության ուղիները:
Ներկայացվել ենզինծառայողների կրթական նոր ծրագրերի համար մշակված դասընթացները, դրանց ներդրման ժամկետներն ու ձևաչափերը:
Տեղեկացվում է, որ Կրթական ծրագրերը ներառելու են տվյալագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և զինված ուժերի համար հեռանկարային կիրառություններ ունեցող այլ ոլորտներ: ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է զինված ուժերում բարձրորակ կրթական ծրագրերի ստեղծման և զինծառայողների գիտատեխնիկական հմտությունների զարգացման կարևորությունը: «Ծրագրերը միտված են միջազգային լավագույն փորձի կիրառությամբ ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև «տաղանդների շրջապտույտ» ստեղծելուն: Վերջինս կնպաստի նաև նորարարությունների քաղաքացիական էկոհամակարգի զարգացմանը»,-իր հերթին նշել է Արմեն Օրուջյանը։