Հայաստանը և Չինաստանը օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր են ստորագրել։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի հրավերով սեպտեմբերի 15–ին Չինաստանի Գուանճոու քաղաք է ժամանել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ «Աշխարհի ուղիներ 2018» (World Routes) միջոցառմանը մասնակցելու նպատակով:
ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրների ավիաընկրությունների և օդանավակայանների ներկայացուցիչներ և ղեկավարներ։
Նշվում է, որ Տաթևիկ Ռևազյանը մասնակցել է«Աշխարհի ուղիներ 2018» բացման արարողությանը, ապա կարճ հանդիպում ունեցել ՉԺՀ քաղաքացիական ավիացիայի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վան Ճիցինգի հետ, որից հետո ստորագրվել է«Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը։ Այն, կողմերի կարծիքով, իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջև օդային ուղիղ հաղորդակցության համար, ինչն ավելի կամրապնդի և կզարգացնի երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում։
ՉԺՀ այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ չինական ավիաընկերությունների ղեկավարությունների հետ՝ Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթի բացման հնարավորությունները քննարկելու նպատակով: