Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գավաթի կրկնակի չեմպիոն Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին հեծանիվով կանցնի Թուրքիայի և Իրանի տարածքով: Այդ մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։
«Ուրախ եմ հայտարարելու, որ այս ուրբաթ՝ Հայաստանի Անկախության օրը, հսկայական մի մարտահրավեր եմ ընդունելու՝ հեծանիվով անցնելու եմ 1 800 կիլոմետր ճանապարհ Թուրքիայի և Իրանի միջով դեպի Հայաստան, որպեսզի միջոցներ հավաքագրեմ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի համար: Միջոցներն օգտագործվելու են գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար»,-իր գրառման մեջ նշել է Կաոիլին:
Հեծանվաերթի մեկնարկը տրվելու է Այասից, որտեղից Մարկո Պոլոն սկսել է իր Արևելյան արշավը: Կաոիլինն այցելելու է նշանակալի արժեք ունեցող պատմական և հնագիտական հուշարձաններ: Որոշ հատվածներում անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև տեսանկարահանման և վավերագրման համար նրան մեքենա է հետևելու:
Կաոլին խնդրում է հետևել իր էջին, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ամենօրյա տեսանյութերի և լուսանկարների թարմացումներին, կիսվել գրառմամբ և նվիրաբերել՝ հնարավորության չափով: