ՀՀ անշարժ գույքի կադաստրի համակարգին ամրացված ծառայողական 75 ավտոմեքենաներից 41-ը՝ եղածի մոտ 55 տոկոսը, կվերադարձվի պետությանը: Այսօր Կոմիտեում կայացած աշխատանքային խորհրդակցությանը ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Արթուր Թովմասյանը հանձնարարական է ստացել այսօրվանից սկսել մեքենաները ՀՀ պետգույքի կառավարման վարչությանը հանձնելու գործընթացը։
Ծառայողական 75 ավտոմեքենաներից 48-ն այժմ Կոմիտեի աշխատակազմի, 27-ը «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տրամադրության տակ են։
Այսօր հրավիրած աշխատանքային հերթական խորհրդակցությանն աննախադեպ այս որոշման մասին հայտնելիս Կոմիտեի ղեկավարը փոխանցել է նաև, որ վերադարձվելիք մեքենաների թիվը, ինչպեսնաև պահելիք 34-ի բաշխման հաշվարկն արվել է ճշգրիտ չափանիշներով՝ «բոլորին նույն մոտեցումը» տրամաբանությամբ։
«Շատ հստակ մոտեցում ենք մշակել, այսինքն, այնպես չի լինի, որ այսինչ պաշտոնյան ըստ մեր մշակած չափանիշների ծառայողական մեքենա չպետք է ունենա, բայց բացառության կարգով նրան մեքենա տրամադրվելու է»,-ընդգծել է կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։
Կոմիտեից վստահեցնում են, որ նույն սկզբունքով են իրագործվելու նաև աշխատանքային սենյակների, առանձնասենյակների վերադասավորումները և ֆինանսական խնայողութունների հաշվին պարգևավճարների տրամադրումը։
«Մոտեցումը հետևյալն է, որ մենք մեր խնայողությունները պետք է վերադարձնենք մեր բոլոր աշխատակիցերին և դարձյալ՝ արդար, հավասարության սկզբունքով»,-ընդգծել է կառույցի նորանշանակ ղեկավարը։
Հիշեցնենք՝ մասնագիտությամբ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը վարչապետի որոշմամբ Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար է նշանակվել շուրջ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 9-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով 2014 թ. հունիսի 3-ից կառույցը ղեկավարած Մարտին Սարգսյանին։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը