Онлайн

Երիտասարդ ընտանիքների համար հիպոթեքային վարկի տոկոսադրույքը նվազեցվում է, տարիքային շեմը՝ բարձրացվում

2018-09-14 15:21 , Общество, 1001

Երիտասարդ ընտանիքների համար հիպոթեքային վարկի տոկոսադրույքը նվազեցվում է, տարիքային շեմը՝ բարձրացվում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին ավելի վաղ կայացրած որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագծին:

Նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2018 թվականին ՀՀ կառավարությունը «Բնակարան երիտասարդներին» ծրագրի միջոցով տրամադրված վարկերի գումարը վերաֆինանսավորելուց բացի նաև մեղմելու է կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները:

«Երկրորդային շուկայից բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով՝ առավելագույնը 9.5 տոկոսով, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, իսկ ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը, իսկ առաջնային շուկայից բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով՝ առավելագույնը 7.5 տոկոսով, որը չի սուբսիդավորվում»,-մանրամասնեց ֆինանսների նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ կբարձրացվի բնակարան ձեռք բերող զույգի տարիքային շեմը:

Ըստ այդմ՝ բնակարանի ձեռքբերման մրցույթին կկարողանան մասնակցել այն զույգերը, որոնց գումարային տարիքը սահմանված 65-ի փոխարեն կլինի մինչև 70-ը։

Կառավարությունը հիմնավորում է՝ Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 10% կանխավճարով և ապահովագրական գործիքի համադրմամբ ձեռք բերել 25-30 մլն. ՀՀ դրամ արժեքով բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:

Ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: Առ 2018 թվականի օգոստոսի 30-ը տրվել է 3466 վարկ (1814 վարկ Երևանում, 1652՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 28 մլրդ 524 մլն ՀՀ դրամ (18 մլրդ 401 մլն ՀՀ դրամ Երևանում, 10 մլրդ 123 մլն՝ ՀՀ մարզերում):

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть