Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգում շարունակվող Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպումներ է ունենում մասնակից տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ:
Դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ՝ քննարկվում են իրավական փոխօգնության և այլ ոլորտներում դատախազական կառույցների միջև գործակցությանն առնչվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Մասնավորապես՝ Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միշել Լաուբերի հետ կայացած երկկողմ հանդիպման ընթացքում Արթուր Դավթյանը մեծապես կարևորել է Հայաստանում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի ներկայիս ակտիվացման համատեքստում Շվեյցարիայի իրավապահ մարմինների հետ ամենաօպերատիվ և սերտ համագործակցությունը:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից առանձնահատուկ շեշտադրվել է հատկապես փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները համապատասխան բանկայինհամակարգերի ներգրավմամբ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես օֆշորային գոտիներ տեղափոխելու հանգամանքների բացահայտման գործում Հայաստանի և Շեյցարիայի դատախազությունների միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, փոխադարձ իրավական օժանդակության ցուցաբերման գործընթացների խթանման անհրաժեշտությունը:
«Ընդգծելով Հայաստանի հետ համագործակցությունը միջազգային հանցավորության դեմ պայքարում՝ Շվեյցարիայի գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել վերոնշյալ ուղղություններով ՀՀ իրավապահ մարմինների նախաձեռնություններին»,-հայտնում են Գլխավոր դատախազությունից: