5 նոր աղբահան մեքենաներ ուրբաթ օրը կլինեն Երևանում․ «Սանիթեք»-ի տնօրենը վստահեցրել է - RadioVan.fm

Онлайн

5 նոր աղբահան մեքենաներ ուրբաթ օրը կլինեն Երևանում․ «Սանիթեք»-ի տնօրենը վստահեցրել է

2018-09-12 18:19 , Общество, 1947

5 նոր աղբահան մեքենաներ ուրբաթ օրը կլինեն Երևանում․ «Սանիթեք»-ի տնօրենը վստահեցրել է

«Երևան քաղաքը թաղված է աղբի մեջ, ամենուր հանդիպում ենք այս խնդրին։ Քանդվում, փորվում են տարբեր հատվածներում հիմնական ճանապարհներ, խողովակաշարեր են տեղափոխվում, նորոգվում, թե ինչ են արվում, չգիտեմ, փոշու մեջ խեղդվում է քաղաքը, և ամենակարևորը՝ սրանով զբաղվող չկա»,-այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում մտահոգություն հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիրգրան Ուրիխանյանը։

«Լավ, ասենք՝ քաղաքապետ չունենք, հարգարժան գործընկերներ, կառավարության անդամներ, եկեք մի բան մտածենք, մի միջոց ձեռնարկենք, որևէ մի պատասխանատու վարչություն չկա»,-նկատեց պատգամավորը, որի մտահոգությանն արձագանքեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ իր ղեկավարած գերատեսչության անմիջական մասնակցության պայմաններում արդեն երկրորդ անգամն է նշված ընկերությունը քաղաքապետարանի կողմից տուգանվում է։

«Մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել նաև «Սանիթեք»-ի գործադիր տնօրենի հետ, խնդիրը կապում են նրա հետ, որ վերջին տարիներին ավտոպարկը չի թարմացվել, մեքենաների զգալի հատվածը գտնվում է խափանված վիճակում»,-ասաց նախարարը՝ շեշտելով, որ «հավելյալ տեխնիկա՝ «Զիլ» մակնիշի մեքնենաներ են ներգրավվելու, որպեսզի հնարավոր լինի աղբահանությունը հավուր պատշաճի իրականացնել։

«Սանիթեք»-ի գործադիր տնօրենն ինձ է ներկայացրել այն պայմանագրերը, որոնցով հինգ մեքենա չորեքշաբթի՝ այսինքն այսօր պետք է լիներ, բայց նոր տվյալներով ուրբաթ օրը կլինեն Հայաստանի սահմաններում։ «Վոլվո» մակնիշի հինգ նոր աղբահան մեքենաներ կլինեն Երևանում, և սա հույս է ներշնչում, որ հնարավոր կլինի իրականացնել պատշաճ աղբահանություն, մինչև նորընտիր քաղաքապետարանը կամ կվերանայի ընկերության հետ պայմանագիրը, կամ որոշի նոր օրերատորի ներգրավվումը՝ մրցակցություն ապահովելու համար»,-նշեց Սուրեն Պապիկյանը։

Հիշեցնենք՝ դեռ երկու ամիս առաջ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը «Սանիթեք»-ի տնօրենը վստահեցրել էր, որ արդեն իսկ Հայաստան են ներմուծվել անհրաժեշտ թվով մեքենաներ և երկուշաբթի օրվանից՝ այն է հուլիսի 23-ից, պետք է շահագործվեին ինչպես վերանորոգված, այնպես էլ՝ նոր աղբատարեր։

Ինչ վերաբերում է քանդված փողոցներին՝ Պապիկյանն ասաց. «Արգավանդ տանող հանտվածում Ֆրանկոֆոնիայի համաժողովին ընդառաջ վերանորոգման աշխատանքներ են տարվում, իսկ խողովակները՝ «Վեոլիա ջրի» հետ է կապված։ Նշվածաշխատանքներն ընթանում են, կարծես թե, նորմալ պայմաններում։ Բայց Ձեր մտահոգությունների հետ կապված ես ևս մեկ անգամ հանդիպում կունենամ քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть