ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հրապարակման փաստով հարուցված քրգործը վարույթ է ընդունվել - RadioVan.fm

Онлайн

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հրապարակման փաստով հարուցված քրգործը վարույթ է ընդունվել

2018-09-12 14:29 , Право, 1699

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հրապարակման փաստով հարուցված քրգործը վարույթ է ընդունվել

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը։ Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Հաղորդվում է, որ ՀՀ ՔԿ նախագահի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

«Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն»,-նշվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ նախօրեին համացանցում հայտնվեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը, որում պաշտոնյաները քննարկում են «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ մանրամասներ՝ շոշափելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վտանգի և այդ շրջանակում այլ հարցեր։

Ժամեր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձանարարականով՝ Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը հրատապ մամլո ասուլիսով հանդես եկան՝ հաստատելով, որ համացանցում տարածված ձայնագրությունում զրուցում են իրենք։ Պաշտոնյաների գնահատմամբ՝ դա «Մարտի 1-ի» բացահայտմանը խոչընդոտելու «խղճուկ փորձ» է։

«Ոմանք ուզում են ճողոպրել պատասխանատվությունից, ես դա թույլ չեմ տա»,-իր հերթին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть