ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:
ԱԻՆ-ից հայտնում են, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ:
Նշենք, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհն ընդգրկել է շուրջ 200-250 հա բուսածածկ և անտառածածկ տարածք:
Այսօր առավոտյան ժամը 06:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցում են 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ, որն իրականացրել է հրդեհաշիջող 2 թռիչք:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի և 186-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման պատճառը պարզելու համար։