Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում նկատմամբ «Մարտի 1»-ի գործով հետախուզում է հայտարարված՝ չի հետախուզվի Ռուսաստանի Դաշնության տարածքում։
«2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղադրվող Հարությունյանի նկատմամբ հարուցված գործն ուսումնասիրելուց որոշում է կայացվել Ռուսաստանի տարածքում հետախուզումը չեղարկել»,-այդ մասին այսօր գրել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գործակալությունն արձանագրում է, որ այդ պարագայում Ռուսաստանում Միքայել Հարությունյանին ոչինչ չի սպառնում, սակայն ԱՊՀ անդամ այլ երկրներում հայտնվելով՝ Հարությունյանը կարող է ձերբակալվել և փոխանցվել Հայաստանին։
Լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատել են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ համապատասխան դիմումն արդեն ստացել են Ռուսաստանի իրավապահներից։
Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնեց գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին՝ նրան կալանավորելու որոշմամբ։ Պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է 2008-ի մարտի 1, 2-ին ԶՈւ ստորաբաժանումները քաղաքական գործընթացներում ներգրավելու և այդպիսով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը