Քոչարյանը՝ հատուկ կացության, Փաշինյանը՝ ՀՀ քաղաքացիության․ ՀՀ անձնագրեր՝ Ատոմ Էգոյանին և Արսինե Խանջյանին - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանը՝ հատուկ կացության, Փաշինյանը՝ ՀՀ քաղաքացիության․ ՀՀ անձնագրեր՝ Ատոմ Էգոյանին և Արսինե Խանջյանին

2018-09-07 13:52 , Общество, 1736

Քոչարյանը՝ հատուկ կացության, Փաշինյանը՝ ՀՀ քաղաքացիության․ ՀՀ անձնագրեր՝ Ատոմ Էգոյանին և Արսինե Խանջյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անձնագրեր է հանձնել կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին և կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը՝ հրապարակելով նաև լուսանկարներ, որոնցից երևում է, որ դա արվել է խնջույքի սեղանի շուրջ։

Նշենք, որ համացանցում փաստը արդեն շահարկման առիթ է դարձել։ Օգտատերերից մեկը Արման Եղոյանի հրապարակմանն արձագանքել է Արսինե Խանջյանին ուղղված #հուզվելումանիա հեշթեգով՝ գրելով, թե դերասանուհին մեկ անգամ ևս այսպես հուզվել է 2002 թվականին, երբ անձնագիր էր ստանում Ռոբերտ Քոչարյանից։

Նշենք, որ 2002 թվականի սեպտեմբերի 20-ին այդ ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով սփյուռքահայ կինոռեժիսոր, «Արարատ» ֆիլմի հեղինակ Ատոմ Էգոյանը ոչ միայն պարգևատրվեց Մովսես Խորենացու մեդալով՝ ազգային մշակույթի և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար, այլ նաև տիկնոջ՝ Արսինե Խանջյանի հետ միասին Ռոբերտ Քոչարյանից ստացավ Հայաստանի Հանրապետության կացության հատուկ կարգավիճակի անձնագիր՝ 10 տարի ժամկետով։

Համացանցային խառնաշփոփին քիչ առաջ արձագանքել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ ֆեյսբուքյան իր էջում «Հատուկ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի» առնչությամբ պարզաբանելով՝

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն գոյություն ունի օտարերկրացիներին տրվող կացության կարգավիճակների հետևյալ տեսակները՝

1. ժամանակավոր-տրվում է 1 տարի ժամկետով

2.մշտական-տրվում է 5 տարի ժամկետով

3.հատուկ-տրվում է 10 տարի ժամկետով։

Հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց տրվող «հատուկ անձնագրի» նկարագիրը և ձևը հաստատվել է ՀՀ կառավարության 07.02.2008թ. թիվ 134-Ն որոշմամբ։

Ներկայումս հատուկ անձնագրի գույնը կարմիր է։ Մինչ որոշումը, այսինքն 2008թ.-ը, հատուկ կարգավիճակ ունեցող անձանց տրվող փաստաթուղթը ՀՀ քաղաքացու անձնագրի բլանկով էր տպագրվում, առաջին էջի վրա դրվում էր կնիք «ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ» բովանդակությամբ։

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը կանխելու նպատակով Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանրապետությունում ձևավորված «Իմ քայլը» շարժման հանրահավաք-երթերի ընթացքում Փաշինյանի հորդորին անսալով՝ սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանը ժամանեց Հայաստան՝ կանգնելով շարժման համախոհների կողքին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть