Շանթ Հարությունյանին որպես շարքային հանցագործ ազատելն անընդունելի է․ համախոհները ՀՀ գլխավոր դատախազին պահանջագիր են ներկայացրել - RadioVan.fm

Онлайн

Շանթ Հարությունյանին որպես շարքային հանցագործ ազատելն անընդունելի է․ համախոհները ՀՀ գլխավոր դատախազին պահանջագիր են ներկայացրել

2018-09-06 17:52 , Право, 1604

Շանթ Հարությունյանին որպես շարքային հանցագործ ազատելն անընդունելի է․ համախոհները ՀՀ գլխավոր դատախազին պահանջագիր են ներկայացրել

Անընդունելի է, որ Շանթ Հարությունյանին ազատ արձակեն որպես շարքային հանցագործ․այս համոզմամբ այսօր մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև՝ պահանջելով, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդի ՀՀ դատական ատյաններին՝ վերաբացել «Շանթ և ընկերներ» քրեական գործի քննությունը՝ հաշվի առնելով նոր ի հայտ եկած հանգամանքները:

Գլխավոր դատախազին ուղղված պահանջագրում նրանք նշում են, որ Նոր Հայաստանում անմեղ քաղաքացուն բանտից ազատելու ուղիներ գտնելը նոր իշխանությունների ուղիղպարտականությունն է:

Ակցիայի մասնակից շուրջ 40 քաղաքացիներ ստորագրել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված հետևյալ պահանջագիրը․

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներս պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից միջնորդել ՀՀ համապատասխան դատական ատյաններին վերաբացելու «Շանթ և ընկերներ» գործի դատական քննությունը՝ հաշվի առնելով նոր ի հայտ եկած հանգամանքները, կամ իրավիճակի փոփոխության կապակցությամբ: Նոր ի հայտ եկած հանգամանքներ գտնելը թողնում ենք ՀՀ Գլխավոր դատախազության ստեղծագործական ջիղին: Նոր Հայաստանում անմեղ քաղաքացուն բանտից ազատելու ուղիներ գտնելը եւ արդարադատության հաստատումը նոր իշխանությունների ուղիղ պարտականությունն է:

Դեռ 2014թ.-ին ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում ուսանողության հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, պատասխանելով մի ուսանողի հարցի, խախտելով Շանթ Հարությունյանի անմեղության կանխավարկածը, առանց համապատասխան դատական վճռի առկայության, հայտարարել է, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել: Այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը, ըստ էության, ճնշում է գործադրել դատարանի վրա, նրան ցուցմունք տվել համապատասխան, իր ցանկությունից/շահերից բխող վճիռ կայացնել:

Շանթ Հարությունյանը արդար է, նա որեւէ հանցանք չի գործել, այլ պայքարել եւ պայքարում է հանուն Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության եւ եղել է Հայաստանում թավշյա հեղափոխության նախակարապետներից մեկը: Շանթ Հարությունյանը հետապնդվում է «արդարադատության» համակարգի կողմից իր քաղաքական հայացքների համար: Այսպիսով, Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, ինչն ընդունել է նաեւ բարձրադիր գործադիր իշխանությունը ի դեմս ՀՀ վարչապետի,եւ պետք է օր առաջ արդարացվի եւ ազատ արձակվի: Բանտում անցկացրած յուրաքանչյուր օր ավելացնում է նրա դեմ ապօրինի վճիռ կայացրած դատավորների, մեղադրանքը դատարան ներկայացրած դատախազության եւ այդ վճռի պատվիրատու Սերժ Սագսյանի պատասխանատվությունը»:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 2-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի՝ Շանթ Հարությունյանին և խմբին ազատ արձակելու հարցին՝ նշել էր, որ կառավարության ունեցած միակ օրինական լծակը կալանքի ռեժիմը փոխելն է և, որ Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, երբ համաձայնի ստորագրել պահման ռեժիմը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչը նա չի անում։

«Մենք գտանք այդ մեխանիզմը, որ դատապարտված անձի պահման ռեժիմը փոխվում է բաց ռեժիմի, որից հետո նաև տրվում է արձակուրդ և նա ըստ էության 24 ժամ լինում է ազատության մեջ պայմանով, որ իր ներկայությունը կհաստատի ստորագրությամբ: Ես խնդրեցի Շանթ Հարությունյանին ուղեկցել «Վարդաշեն» ՔԿՀ պետի առանձնասենյակ և ես Բաղրամյան 26-ից առանձնազրույց ունեցա նրա հետ: Նա ասաց, որ պահանջում է արդարացնել իրեն: Ես նրան ասացի, որ դատական իշխանությանը հրահանգներ չեմ տալու և չեմ կարող հրահանգել, որ իրեն արդարացնեն, եթե այդ ճանապարհով գնանք, սխալ տեղ կհասնենք: Շանթ Հարությունյանը չհամաձայնեց»,-մասնավորապես ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ «արժեքների հեղափոխության» նպատակով փողոց դուրս եկած «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը 2013 թվականի նոյեմբերի 5-ին «Անոնիմուսներ» դիմակներով երթի ընթացքից իր համախոհների հետ միասին բերման ենթարկվեց, կալանավորվեց: Տևական դատաքննությունից հետո՝ 10 ամիս անց, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հրապարկվեց դատավճիռ՝ համաձայն որի՝ Մաշտոցի պողոտայում խուլիգանություն և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու մեղադրանքով 13 մեղադրյալներից 12-ը, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, անազատության դատապարտվեցին 6 տարի ժամկետով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть