Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Երևանի քաղաքապետարան «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարման շարունակության պարագայում այլ օպերատորի ներգրավման հարցը քննարկելու համար։
«Գրության համար հիմք են հանդիսացել շարունակվող բողոքների ուսումնասիրությունը։ Մասնավորապես, վերջին ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բազմաթիվ բողոքների համաձայն՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում աղբահանությունն իրականացվում է ոչ պատշաճ, իսկ առանձին դեպքերում ընդհանրապես չի իրականացվում։ Զանգերն ու բողոքները «Սանիթեքի» թեժ գծին մնում են անպատասխան։ Ավելին, քաղաքացիները ոչ պատշաճ են ծանուցվում կամ գրեթե չեն ծանուցվում աշխատանքների ձգձգման կամ դրանց կատարման ժամկետների վերաբերյալ։ Նմանատիպ բազմաթիվ տեղեկություններ կան նաև լրատվամիջոցների հրապարակումներում, սոցցանցերում։ Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է դառնում՝ հաշվի առնելով նաև բնակչության առողջությանը վնաս հասցնելու ռիսկերը»,-նշված է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում, որում նաև ասվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու խնդրի կարգավորման ուղղությամբ շտապ ու արդյունավետ լուծումներ գտնելու հարցում։
Նշենք, որ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից աղբահանությունը սահմանված ժամանակացույցի խախտումներով իրականացնելու վերաբերյալ ահազանգերի հետքերով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հուլիսի 19-ին հայտարարեց քննարկման ընթացակարգ սկսելու մասին։
«Սանիթեք»-ը աղբահանության ուշացումները, նկատենք, հիմնավորում է նրանով, որ բազմաթիվ են դեպքերը, երբ որոշ անբարեխիղճ բնակիչներ շինարարական կոշտ աղբը որպես կենցաղային աղբ են նետում աղբամանների մեջ. արդյունքում՝ շարքից դուրս են գալիս աշխատանքի մեջ գտնվող մեքենաները։
Սակայն հուլիսի 20-ին ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը աղբահանության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը հավաստիացրել էր, որ արդեն իսկ Հայաստան են ներմուծվել անհրաժեշտ թվով մեքենաներ և երկուշաբթի օրվանից՝ հուլիսի 23-ից կշահագործվեն ինչպես վերանորոգված, այնպես էլ՝ նոր աղբատարեր։
Մինչ այսօր, սակայն, ոչինչ չի փոխվել, ընկերությունը շարունակում է իր պարտավորությունները ոչ պատշաճ կերպով կատարել․ ինչպես Երևանի կենտրոնում, այնպես էլ ծայրամասերում գրեթե բացակայում են նախատեսված թվով աղբամանները, տոպրակներով աղբը ողողում է աղբաթափման համար սահմանված վայրերի մայթեզրերը։
Առողջապահության նախարարությունը այդ առիթով օրերս հայտնեց իր մտահոգությունը՝ նշելով, որ աղբահեռացման ուշացումները սպառնում են առողջական խնդիրներով՝ ընդհուպ ծանրացնելով քրոնիկ թոք-սրտային և ալերգիկ հիվանությունների ընթացքը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին աղբը ժամանակին չհեռացնելու հետևանքով «Սանիթեք»-ը տուգանվեց 12 մլն դրամով։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը