ՀՀ արդարադատության նախարարությունը բարձրացնում է գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն համարժեք, ինչպես նաև կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը։ Այդ նպատակով գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին։
«Եթե հափշտակության չափը չի գերազանցում 5 հազար դրամը, չի համարվում զգալի չափ, ապա դրա համար պատասխանատվությունը տարբերակված է: Երբ հափշտակությունը կատարվել է բնակարանից կամ մի խումբ անձանց կողմից, էլի տարբերակված մոտեցում չկա: Մենք առաջարկում ենք, որ դա պայմանավորված չլինի 5000 դրամի չափով, քանի որ բնակարանից գողության վտանգավորությունը մեծ է: Բնակարանից գողություն անողը նախապես չի պլանավորել, որ հենց 5 հազար դրամի չափով է գողություն անելու»,-օրենքների փաթեթը ներկայացնելի ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ առաջարկվում է քրեականացնել գրպանահատությունը, որը, պաշտոնյայի խոսքով այսօր լուրջ խնդիր է:
Նախարարի խոսքով՝ գողության դեպքերի կեսից ավելին իրականացվում է տրանսպորտային միջոցներում մարդկանց գրպանից: Դրանք կազմում են շուրջ 65 տոկոս: Իսկ գողացվածի չափը, որպես կանոն, չի գերազանցում 50 հազար դրամը: Զեյնալյանը վիճակագրությամբ է փաստել՝ 2014-ին գրպանահատության դեպքերը կազմել են գողության ընդհանուր թվի ավելի քան 24 տոկոսը, 2015-ին՝ 36,5 տոկոսը, 2016-ին՝ 39,4 տոկոսը, 2017-ին՝ 34,1 տոկոսը: «Հանցագործություն կատարած անձինք, որպես կանոն, չեն կալանավորվում, և կրկին կատարում են նույն հանցագործությունը: Քանի որ սրանք մասնավոր մեղադրանքի դաշտից են, այսինքն՝ պետք է լինի տուժողի բողոքը և, եթե լինում է հաշտություն, ապա հետապնդում չի իրականացվում»,-նշել է Զեյնալյանը:
«Որպեսզի պատկերն ավելի պարզ ու համոզիչ լինի, ներկայացնեմ ընդամենը մի քանի վիճակագրական տվյալ: Այս տարիներին քրեական վարույթ է իրականացվել 5160 անձի նկատմամբ, որոնցից 4049-ի նկատմամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, 776-ի նկատմամբ՝ կարճվել, որից 309-ը՝ դիմողի բողոքի բացակայամբ պայմանավորված: Քրեական պատասխանատվության է ենթարկվել ընդամենը 119 անձ։
Ավելին, 2015-2018թթ ընթացքում առկա են դեպքեր, երբ միևնույն անձինք տասնյակ անգամները, ընդհուպ՝ 121 անգամ, քրեական վարույթով ներգրաված են եղել գողության հատկանիշներով (առավելապես կատարված գրպանահատության եղանակով): Պետք է նկատի ունենալ, որ գրպանահատության դեպքերի իրական քանակը, դրանց զոհերի թիվը շատ ավելի մեծ է, քանի որ զոհերի միայն մի մասն է դրա մասին հայտնում իրավապահ մարմիններին»,-կառավարության նիստից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախարարը:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը