Քննարկվում է «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցը - RadioVan.fm

Онлайн

Քննարկվում է «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցը

2018-09-05 14:49 , Общество, 1584

Քննարկվում է «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցը

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է ներկայացվել «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրել:

«Կողմ ենք՝ օրենքը հնարավորինս շուտ ընդունվի, որը հնարավորություն կտա օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տալ, ոչ թե թողնենք դատարանների որոշմանը: Մենք ընդլայնենք և, այո՛, բռնությամբ կատարվող հանցագործությունները, այդ թվում նաև հոկտեմբերի 27-ի կամ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերում օրենքով ևս տրամադրել փոխհատուցումներ, այսինքն՝ ընդլայնված կոնցեպտ դնենք»,-նշել է հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը՝ հանձնաժողովի օրակարգում նախագծի ներառումը չափազանց ողջունելի համարելով, թե´ ժամանակագրական, և թե՝ բովանդակային տեսակետից:

Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին «Ելք» խմբակցությանպատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ ինքը և ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ են դրել «2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

«Այս տարվա փետրվարին ԱԺ-ում տեղի ունեցած «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» հանրային լսումների ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պարտավորվեց մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ հատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին: Նիկոլ Փաշինյանը չհասցրեց դա անել,-գրել էր պատգամավորը։

Հիշեցնենք՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, ըստ որոնց 52,83 տոկոս ձայնով իշխանության ղեկը հանձնվեց Սերժ Սարգսյանին, արժանահավատ չհամարելով՝ բնակչության մի ստվար հատված, Հայ Ազգային Կոնգրեսի գլխավորությամբ, դուրս եկավ փողոց: Մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա: Հավաքը մեծ թափ ստանալով՝ նույն օրն ավելի ուշ կենտրոնացավ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում: Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը հրապարակի մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով զոհվեցին Հայաստանի 10 քաղաքացիներ, 100-ավոր մարդիկ հրազենային և այլ բնույթի վիրավորում ստացան: 2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները մինչ օրս պարզված չեն:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть