Փաշինյանի կարծիքով Հայկ Մարությանի սև և սպիտակ ուժերի մասին ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի կարծիքով Հայկ Մարությանի սև և սպիտակ ուժերի մասին ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել

2018-09-04 16:02 , Политика, 1612

Փաշինյանի կարծիքով Հայկ Մարությանի սև և սպիտակ ուժերի մասին ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել

«Իմ քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել: Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մարությանի՝ կիրակի օրն արած հայտարարությանը։

Հիշեցնենք՝ կիրակի՝ սեպտեմբերի 2-ին, Երևանի ավագանու ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու նպատակով կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում Փաշինյանի թիմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը հայտարարել էր, թե կան սև և սպիտակ ուժեր և ովքեր չեն ուզում, որ իրենք հաջողություն ունենան, սև ուժերն են:

«Կարծում եմ` թյուրըմբռնում կար, ցավում եմ։ Գուցե Հայկ Մարությանն էլ ընդունել է, որ որոշ ձևակերպումներ այդքան էլ ճշգրիտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն, ցանկացած քաղաքական hայտարարության պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության մեջ։ Այնպես որ, կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևի ու սպիտակի»,-նկատել է վարչապետ Փաշինյանը։

Նշենք, որ Հայկ Մարությանի հայտարարությունը բուռն քննադատությունների է արժանացել հասարակական-քաղաքական շրջանակներում։ Երեկ էլ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը անդրդառնալով՝ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե որևէ մեկն իրավունք չունի դասելու երևանցիներին սևերի և սպիտակների և «երկրի և քաղաքի ապագայով մտահոգ գործիչը նույնիսկ և հատկապես հասարակության իրական պառակտվածության պարագայում պետք է ջանք չխնայի կամրջելու այդ բացը: Իսկ նոր անջրպետներ ստեղծելը թույլի, անվստահի, մեծամիտ և հասարակության վրա թքած ունեցող մարդու գործելաոճ է»:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть