Եւս մեկ հայ երիտասարդ վերադարձել է ծառայելու - RadioVan.fm

Онлайн

Եւս մեկ հայ երիտասարդ վերադարձել է ծառայելու

2018-08-31 17:04 , Общество, 1482

Եւս մեկ հայ երիտասարդ վերադարձել է ծառայելու

«Այսօր ինձ մոտ ընդունելության էր ներկայացել Վահե Փիրումյանը, ով ծնողների հետ բնակվում է արտասահմանում, 20 տարեկան է, ունի այլ պետության քաղաքացիություն։ ՀՀ անձնագիրը ստացել է 12 տարեկան հասակում»,-այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբբ տեղեկացնում է ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ նշելով, որ հանդիպումը շատ հուզիչ էր, միաժամանակ ոգևորություն պարգևող։

Մնացական Բիչախչյանի վստահեցմամբ՝ երիտասարդը գիտակցաբար է ներկայացել ընդունելության․ Նա եկել էր ստանալու ՀՀ քաղաքացիությունը հավաստող վավեր փաստաթուղթ՝ գիտակցելով, որ պետք է ներկայանա զինվորական հաշվառման, ծառայի ՀՀ զինված ուժերում, դրանից հետո իրեն տրվի ՀՀ անձնագիր»։

«Նաև մեծ ոգևորությամբ ընդունեց այն իրողությունը, երբ բացատրեցի իրեն, որ մինչ այդ կարող է ստանալ նույնականացման քարտ, որը համարվում է ՀՀ քաղաքացիությունը և ինքնությունը հավաստող ներքին օգտագործման փաստաթուղթ»,-գրառումը եզրափակել է ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 26-ին հանդես եկավ տեսաուղերձով՝ արտերկրում գտնվող զորակոչային տարիքի ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորելով առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ Հայաստան և իր 18-ամյա որդու՝ Աշոտ Փաշինյանը հետ, ով ինքնակամ դիմում է գրել և ծառայությունն անցկացնելու է Արցախում, մեկնել բանակ։

Վարչապետը միաժամանակ խոստացավ, որ նրանց հանդեպ մեղմ վերաբերմունք կլինի իրավապահների կողմից։

Ամռային զորակոչի մեկնարկին՝ հուլիսի 2-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը հայտնեց, որ վարչապետի կոչով 300 երիտասարդ է վերադարձել արտասահմանից, որոնցից 156-ը նախկինում զինվորական ծառայությունից խուսափածներն են։ «նրանք ներկայացել են և պատրաստ են անցնել ծառայության»,–ընդգծել էր ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը



Лента

Рекомендуем посмотреть