«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ-Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տրանսպորտի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։
Հիշեցնենք՝ Վրաստանում սեպտեմբերի 15-ից կարգելվի բեռնատարներով ցորենի ներմուծումն ու արտահանումը: Արգելքի պատճառն, ըստ վրացական կողմի, այն է, որ ցորենով բեռնված մեկ բեռնատարը զգալի վնաս է հասցնում իրենց ճանապարհներին։ Փոխադրումները պետք է իրականացվեն միայն ջրային, այնուհետև երկաթուղային ճանապարհով։ Այդ պարագայում այլ հացահատիկի տեղափոխումը կարող էր բարձրացնել հացահատիկի ինքնարժեքը, որը կհանգեցներ Հայաստանում հացի գնի բարձրացման։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով՝ Հարավկովկասյան և Վրացական երկաթուղիների ղեկավարների միջև բանակցություններ են տարվում։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը