Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կստեղծվի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ազատ տնտեսական գոտի, որը կլինի Հայաստանում թվով 4-րդը:
Ստեղծվելիք ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ կճանաչվի «ԷԿՈՍ» ՓԲԸ-ն: Որոշումն այսօր ընդունվել է կառավարության նիստում։
«ԷԿՈՍ» ՓԲԸ-ի կողմից Հրազդանում ԱՏԳ ստեղծելու մասնավոր նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել նպաստավոր պայմաններ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների զարգացման համար, ներգրավել համաշխարհային մակարդակի բարձր որակավորում ունեցող մասնագետների, ստեղծել բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների կլաստերների փոխներգործության եզակի համակարգ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այդ որոշմամբընդգծվում էայն քաղաքականությունը, որ Հայաստանի տնտեսությունը պետք է հիմնվի բարձր տեխնոլոգիական նորարարությունների վրա:
Նախարարի փոխանցմամբ՝ կազմակերպության կողմից ներկայացված ներդրումայինծրագրով նախատեսում է մինչև 2043թվականն այդ տարածքում ներգրավել 200 շահագործողի, ընդ որում, 50-ը՝ մինչև 2021 թվականը: Ծրագրի ընթացքում կազմակերպչի կողմից ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ, 300 նոր աշխատատեղ էլ կանխատեսվում է, որ կստեղծեն շահագործողները:
Բացի այդ, կազմակերպիչը նախատեսում է կատարել մինչև 4 մլն դոլարի ներդրում, իսկ շահագործողների կողմից մինչև 2021 թվականը՝ 15 մլն դոլարի ներդրում, հետագայում կանխատեսվում է կատարել ևս 30 մլն դոլարի ներդրում:
Ազատ տնտեսական գոտին երկու հիմնական տարածք է ունենալու, արտադրականը՝ Հրազդանում (4,3 հա չափով), գրասենյակայինը՝ Երևանում (2000 քմ):