«Հաց բերող»-ի մահվան հանգամանքները կպարզվեն դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությամբ - RadioVan.fm

Онлайн

«Հաց բերող»-ի մահվան հանգամանքները կպարզվեն դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությամբ

2018-08-24 14:45 , Право, 1301

«Հաց բերող»-ի մահվան հանգամանքները կպարզվեն դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությամբ

Հանրության շրջանակում «Հաց բերող» մականվամբ հայտնի Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։

Անդրադառնալով Սարգսյանի մահվան հանգամանքներին առնչվող քրեական գործի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածած տեղեկատվությանը, որում մասնավորապես մեջբերվել են որոշ տվյալներ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններից, նաև հաշվի առնելով նշված քրեական գործի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությունը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ այն վարույթ է ընդունվել դեռևս 2018 թվականի մայիսի 30-ին: Ծառայությունից ընդգծում են, որ հաշվի առնելով, որ քրեական գործով մինչ այդ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ամբողջ ծավալով չէին բացահայտում քրեական գործի նախաքննության համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի արդյունքներն ակնկալվում է ստանալ ս.թ. սեպտեմբերի կեսերին:

Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանը, ով 2016-ի հուլիսի 26-ին, առավոտ վաղ ճեղքելով ոստիկանական պատնեշը՝ հաց էր հասցրել ՊՊԾ գունդը գրաված 10 օր անոթի վիճակում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին, մահացել է նախորդ տարվա մարտի 16-ին, «Արմենիա» ԲԿ-ում, ուր տեղափոխվել էր օղակված ճողվածք ախտորոշմամբ: Արթուր Սարգսյանին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրանք էր առաջադրվել՝ պատանդ վերցնելու և ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու և փոխադրելու հատկանիշներով։ 2016-ի հուլիսին 31-ին իրավապահներին հանձնվելուց հետո նա մի քանի անգամ կալանավորվել և ազատ էր արձակվել, վերջին անգամ՝ մի քանի տասնյակ պատգամավորների ներկայացրած միջնորդությամբ։ «Հաց բերող»-ի հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբն արձանագրել էր՝ Արթուր Սարգսյանի մոտ հիվանդությունների մեծ մասը զարգացել կամ ձեռք էին բերվել անազատության մեջ գտնվելու ժամանակ՝ ավելի քան 25 օր տևած հացադուլի ընթացքում, որը նա իրականացրել էր՝ ի նշան ՀՀ դատախազության կողմից իրեն առաջադրված մեղադրանքների:

Лента

Рекомендуем посмотреть