«ՀՀ Զինված ուժերը տարածաշրջանում լավագույններից մեկն է, լիարժեք վստահում եմ հայ զինվորին, որը պաշտպանում է մեր հայրենիքը, ուղղակի վարչապետից ստացանք հանձնարարական՝ ուսումնասիրել, քանի որ ներկայիս իրավիճակներում Ոստիկանության զորքերի գործառույթների կարիք չկա Երևանում, և ուսումնասիրելուց հետո ես առաջարկությունը ներկայացրի ոստիկանության զորքերի ողջ անձնակազմին։ Վստահեցնում եմ՝ ընդունվեց միաձայն։ Անգամ կանայք, աղջիկներ, որոնք ծառայում են ոստիկանության զորքերում, ինձ մեղադրեցին, որ կողմնապահություն եմ անում՝ իրենց չեմ ներգրավում այդ գործընթացին»,-այդ մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 23-ին Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը կմեկնի մարտական դիրքեր:
«Ոստիկանները լինելու են Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, ունենք սահմանի այնպիսի հատված, որը կարճ տարածություն ունի հակառակորդի հետ»,- նշել է ոստիկանապետը՝ ում համոզմամբ՝ ցանկացած հայ, որը կարող է թե իր ներկայությամբ, թե ֆինանսապես աջակցել Զինված ուժերին, նա իրականացնում է առաքելություն:
Ոստիկանության զորքերի ներկայացուցիչները մարտական հերթափոխն իրականացնելու են 14 օր։ Վալերի Օսիպյանի խոսքով՝ «ստանալու են այնքան հավելավճար, որքան ներկայիս դիրքապահը ստանում է խրամատում»։