Չին գործընկերների հետ բանակցությունները 2017 թվականին տվել են սպասված արդյունքը: Այդ մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից՝ նշելով, որ մեր երկիր ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի պետի տեղակալ Վանգ Ճիցինգի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության հետ երկօրյա բանակցությունների շրջանակում նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը, և ստորագրվել է երկու պետությունների ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիրը:
Համաձայնագրով կարգավորվում են երկու պետությունների հարաբերությունները թռիչքային, ավիացիոն անվտանգության ապահովման, լիցենզիաների և վկայականների փոխճանաչման և մի շարք այլ ոլորտներում, ինչպես նաև՝ ամրագրվում են երկու պետությունների ավիաընկերություններին թույլտվությունների տրամադրման սկզբունքները:
Բանակցությունների արդյունքում երկու պետությունների ավիացիոն իշխանությունները եկել են համաձայնության երկու պետությունների ավիաընկերություններին փոխադարձաբար տրամադրել օդի 5-րդ ազատության իրավունքով երթուղիների շահագործման իրավունք:
Չին գործընկերոջ հետ հանդիպմանը ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետի տեղակալ Արսեն Պողոսյանը ներկայացրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա վիճակը, կատարված բարեփոխումները, այդ թվում նաև՝ Չինաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի դյուրացումը, որոնք ևս միտված են երկու երկրների միջև համագործակցության խթանմանը: Չին պատվիրակներն էլ նշել են իրենց հետաքրքրվածությունը Չինաստանի և Հայաստանի միջև ուղիղ չվերթների կազմակերպման վերաբերյալ, անդրադարձ են կատարել մասնագետների վերապատրաստումների կազմակերպմանը, փորձի փոխանակմանը և միջկառավարական համագործակցության զարգացմանը:
«1997 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ» համաձայնագիրը կորցրել էր արդիականությունը և առաջացել էր վերանայման անհրաժեշտություն»,-ընդգծում են ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունից: