«Ժառանգություն» կուսակցության վարչությունն
այսօր կայացած նիստում որոշում է կայացրել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքապետի թեկնածու հաստատել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:
Միաժամանակ տեղեկացվում է, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀ առաջին արտգործնախարար, «Օրրան» բարեգործական հիմնադրամի, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի և Հայ իրավաբանական միության համահիմնադիր Հովհաննիսյանին «Ժառանգության» ցուցակում կմիանան կուսակցության ներկայիս նախագահ և ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով կղեկավարի քարոզարշավը, քաղաքացիական իրավունքի պաշտպան Հովսեփ Խուրշուդյանը, ինչպես նաև ավագանու ավելի քան 50 թեկնածուներ՝ մասնագիտական, մտավորական, կանանց և երիտասարդական շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Նշենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2018թ.-ի սեպտեմբերի 23-ին։ ԿԸՀ որոշմամբ՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է իրենց առաջադրման հայտը ներկայացնեն մինչև օգոստոսի 29-ը։ Հանձնաժողովը հայտերը կհաստատի մինչև սեպտեմբերի 3-ը, ընտրությունների քարոզարշավը կանցկացվի սեպտեմբերի 10-21-ը։ Իսկ ընտրությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ին։