Փաշինյանը հանդիպել է «երկրում ստեղծված իրավիճակով խորապես մտահոգված» Բաբլոյանին - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը հանդիպել է «երկրում ստեղծված իրավիճակով խորապես մտահոգված» Բաբլոյանին

2018-08-27 16:37 , Политика, 1887

Փաշինյանը հանդիպել է «երկրում ստեղծված իրավիճակով խորապես մտահոգված» Բաբլոյանին

Այսօր կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով։

ՀՀ ԱԺ լրատվական բաժնի հաղորդմամբ՝ բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարները մասնավորապես արձանագրել են.

Անկախ քաղաքական հայացքներից Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խոսքի եւ տարբերվող կարծիքի ազատության իրավունք։

Դատարանների անկախությունը երկրում արդարադատության ապահովման կարեւորագույն երաշխիք է, հետեւաբար օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմը որեւէ կերպ չպետք է խաթարվի։

Արդարադատության իրականացման գործում Հայաստանի դատական համակարգն իր ողջ գործիքակազմով իրեն չի սպառել, այդուհանդերձ, եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ կա անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության եւ համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով եւ միեւնույն ժամանակ որեւէ կերպ չվնասի արդարադատությանը:

ՀՀ ԱԺ կողմից 07.06.2018 թվականին հավանության արժանացած Կառավարության ծրագրի համաձայն «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները սահմանադրական փոփոխությունների միջոցով անցկացնելու դեպքում` մեխանիզմների շարքում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը, քանի որ փոփոխության ենթակա Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով։ Այդուհանդերձ, այս հարցում որևէ տարբերակի ընտրությունը պետք է արվի հանրային ու քաղաքական լայն քննարկումներիարդյունքում։ Այդպիսի հնարավորությունները սպառված չեն թե խորհրդարանում և թե հանրային լայն շրջանակներում։

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Արա Բալոյանը օգոստոսի 20-ին հանդես եկավ հայտարարությամբ, որում նշեց, թե «խորապես մտահոգված է երկրում ստեղծված իրավիճակով» և դրա շուրջ նախատեսում է հանդիպումներ ինչպես Հանրապետության վարչապետի, այնպես էլ՝ նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի եւ միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ։

Лента

Рекомендуем посмотреть