Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարող FIDEC Armenia հիմնադրամը (Fighting Infectious Diseases in Emerging Countries) Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության (International Agency for Research on Cancer, Ֆրանսիա` Լիոն) հետ համատեղ այս աշնանից Հայաստանում մարդու պապիլոմա վիրուսի տարածվածության հետազոտություններ կանցկացնի:
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ ծրագրի իրականացման նպատակով կնքվել է երկկողմ հուշագիր։
Հետազոտությունը կհամակարգի առողջապահության նախարարությունը: Հետազոտվող նմուշները կհավաքագրվեն, կպահեստավորվեն և կտեղափոխվեն Լիոն, որտեղ և կստացվեն հետազոտությունների վերջնական արդյունքները, որոնք էլ մարդու պապիլոմա վիրուսի հարուցած խնդիրներով ընդհանուր հիվանդացության վիճակը շտկելու հիմք կհանդիսանան:
«Հայաստանում արդեն գրանցված քաղցկեղի դեպքերի արդյունքները ևս Լիոնի լաբորատորիայում կդառնան հետազոտման առարկա` պարզելու` արդյոք դրանց հիմքում եղել է ՄՊՎ վիրուսը, և որքանով էր հնարավոր կանխարգելել դրանք»,-նշում են նախարարությունից:
Նշենք, որ արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման նպատակով պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը ազգային օրացույցում ներդրվել է 2017թ. դեկտեմբերի 11-ից։ Պատվաստումն իրականացվում է 2004-ի հուլիսից հետո ծնված 13 տարեկան աղջիկների շրջանում: Նրանց թիվը շուրջ 16 հազար է։ Երեխաները «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութով պատվաստվում են երկու դեղաչափ՝ վեց ամիս ինտերվալով։ Պատվաստումն իրականացվում է տեղամասային պոլիկլինիկաներում կամավորության սկզբունքով, անվճար։