«Նռան գույն»-ից դուրս մնացած կադրերով ֆիլմ կնկարեն - RadioVan.fm

Онлайн

«Նռան գույն»-ից դուրս մնացած կադրերով ֆիլմ կնկարեն

2018-08-15 18:44 , Культура, Шоу бизнес, 3366

«Նռան գույն»-ից դուրս մնացած կադրերով ֆիլմ կնկարեն

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերով առաջիկայում նախատեսվում է վավերագրական ֆիլմ նկարել․ նախաձեռնությունը «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ հանդիսացող Հայկական ազգային կինոկենտրոնինն է, որին, նշենք, փոխանցվել են հայկական կինոյի ժառանգության իրավունքները։

«103 տուփ ժապավեն կա, որը չի օգտագործվել ֆիլմում. յուրաքանչյուր ժապավեն 10 րոպե տևողությամբ է: Կան ժապավեններ, որ ամբողջությամբ օգտագործված չեն, բայց բավական մեծ ծավալի կադրեր ունենք մեր ձեռքի տակ: Նախատեսում ենք նաև հարցազրույց անել «Նռան գույնի» այն հերոսների հետ, ովքեր այժմ ողջ են: Բըրդը սեպտեմբերին Հայաստան կգա և միասին կորոշենք ֆիլմի նկարահանման հետ կապված մանրամասները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայկական ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը՝ տեղեկացնելով, որ «Նռան գույնի» չօգտոգործված կադրերը պահվում են Հայաստանի ազգային արխիվում։

Նշվել է նաև, որ նոր ֆիլմի երաժշտությունը գրելու է Տիգրան Մանսուրյանը:

Հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» նշանավոր ֆիլմը թողարկվել է 1968 թվականին և նվիրված է Սայաթ-Նովային։ Հեղինակային անունը՝ «Սայաթ-Նովա»։ Գրաքննության ճնշման տակ Փարաջանովն ստիպված է եղել լրիվ վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։

Ֆիլմը նկարահանվել է Լոռու մարզի Սանահինի և Հաղպատի նշանավոր վանքերում, ինչպես նաև Արդվի գյուղի մոտակայքում Սրբանեսի (Սուրբ Հովհաննեսի կամ Հովհան Օձնեցու) վանքում (8-17-րդ դդ)։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть