Թալինից մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը․ բնակիչների մոտ կձևավորեն «կանաչ մտածելակերպ» - RadioVan.fm

Онлайн

Թալինից մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը․ բնակիչների մոտ կձևավորեն «կանաչ մտածելակերպ»

2018-08-14 18:36 , Общество, 2000

Թալինից մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը․ բնակիչների մոտ կձևավորեն «կանաչ մտածելակերպ»

ՀՀ բնապահպանության նախարարությունից հիշեցնում են, որ նախարարը մեկ ամիս առաջ՝ հուլիսի 10-ին, հայտարարել է, որ Հայաստանում աստիճանաբար կկրճատվի մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների կիրառումը՝ շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու և աղբի կառավարումն արդյունավետ իրականացնելու նպատակով։

Պիլոտային քաղաք, ահա, ընտրվել է Թալինը։ Ծրագրի շրջանակներում Թալինի քաղաքապետարանը բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացրել են առաջին հանրային լսումը, որին մասնակցել են բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, առաջին տեղակալի օգնական Դիանա Երիցփոխյանցը, Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը, «Ուրբան» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արմինե Թուխիկյանը, «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի տնօրեն Լուսինե Ալեքսանդրյանը, ինչպես նաև Թալին համայքի ավագանու անդամներ, ուսուցիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և բնակիչներ։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը` ով ներկայացրել է «Թալինի կանաչ քաղաքականության» ձևավորման ծրագրերը: «Թալինն ունի բոլոր նախադրյալները կանաչ քաղաք դառնալու, միաժամանակ լուծելով իր համայնքում առկա սոցիալական խնդիրները»,-նշել է նախարարի առաջին տեղակալը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղական և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվելիք բնապահպանական ծրագրերը՝ առաջարկելով բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել համայնքային խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներին։

«Ուրբան» հիմնադրամի ծրագրերի ղեկավարը ներկայացրել է երկտեղ աղբարկղերի տեղադրման, պլաստիկ շշերի վերամշակման, ինչպես նաև Թալինի աղբավայրի ցանկապատման, վերանորոգման աշխատանքների փուլերը։

Ներկաներին տեղեկացվել է, որ ծրագրի մեկնարկը տրվում է մեկ համայնքից,այնուհետև փորձը կկիրառվի մեկ մարզում, իսկ հետո` Հանրապետության ողջ տարածքում։

Շուրջ մեկ ժամ տևած հարց ու պատասխանով ամփոփվել է հանդիպումը՝ առաջիկայում գործնական քննարկման պայմանավորվածությամբ։

Մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման ռազմավարությունը բաղկացած է 2 փուլից։ Առաջին փուլում համայնքի բնակչության մոտ նախատեսվում է ձևավորել «կանաչ մտածելակերպ» և գնահատել վարքագծի փոփոխությունը։ Արդյունավետության հիման վրա էլ գործընթացը կներառի մեկ մարզ և հետագայում կամփոփվի ամբողջ Հանրապետության տարածքում։

Ռազմավարության երկրորդ փուլն իր մեջ ներառում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և վերջնական արգելման համապատասխան իրավական ակտերի մշակումը։ Ռազմավարությունն իրականացվելու է պետական մակարդակով, որտեղ պետք է ցուցաբերվի համապարփակ մոտեցում, շարունակական աշխատանքներ և բանակցություններ մասնավոր և հանրային հատվածների հետ՝ առաջարկելով պլաստիկի համար այլընտրանք և մշակելով համապատասխան քաղաքականություն՝ ֆինանսական և տնտեսական իրագործելիությունը և կայունությունն ապահովելու համար։

Лента

Рекомендуем посмотреть