Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների օրինագիծը վնաս կհասցնի ռուս-ամերիկյան հարաբերություններին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք պնդում ենք, որ սահմանափակող միջոցները չեն նպաստում մեր երկկողմ հարաբերություններին»,-նշել է նա։
ԱՄՆ Կոնգրեսն այսօր հրապարակել է առաջարկվող պատժամիջոցների օրինագիծը, որը ենթադրում է ռուսական պետական պարտատոմսերի գործառույթների խիստ սահմանափակումներ և ԱՄՆ տարածքում ռուսական պետական որոշ բանկերի գործունեության արգելք:
Հիշեցնենք՝ օգոստոոսի 8-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարեց, որ Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կսահմանվեն Սկրիպալների թունավորման համար: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիթեր Նաուերթի խոսքով՝ Միացյալ Նահանգները եզրակացրել է, որ Ռուսաստանի կառավարությունը, խախտելով քիմիական ու կենսաբանական զենքի կիրառումն արգելող միջազգային համաձայնագրերը, մահաբեր միջոց է օգտագործել սեփական քաղաքացիների դեմ:
Նշենք՝ օրեր առաջ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները խստացնելու Վաշինգտոնի հայտարարությունը գնահատել էր որպես տնտեսական պատերազմի մասին հայտարարություն։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը