Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը կբոյկոտի Միացյալ Նահանգներում արտադրվող էլեկտրատեխնիկան։ Այդ մասին գրում է «Reuters» գործակալությունը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես և Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին՝ նոր պատժամիջոցներ սահմանել Անկարայի նկատմամբ:
Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացման հետևանքով թուրքական ազգային արժույթը՝ լիրան, ռեկորդային՝ 18 տոկոսի անկում է արձանագրել։ Թուրքիայի ֆինանսների նախարար Բերիաթ Ալբայրաքը հայտարարել է, որ երկրում նախօրեից ուժի մեջ է մտել լիրայի փրկության ծրագիրը, որը պատրաստվել է բանկերի, նաև փոքր եւ միջին բիզնեսի համար, որոնք շատ են տուժում արտարժույթի փոխարժեքի տատանումներից: Թուրքիայի նախագահը երկրի քաղաքացիներին կոչ է արել վաճառել ունեցած դոլարներն ու եվրոները՝ լիրայի դիրքերն ամրապնդելու համար:
Էրդողանը նշել է, որ իրենք կհաղթահարեն փոխարժեքների միջոցով տնտեսության դեմ իրականացվող գործողությունները, նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում օտարերկրյա արժույթին անցում կատարելը կնշանակի «հանձնվել թշնամուն»:
Հիշեցնենք՝ նախորդ տարի էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` լիրան գերադասելու և այդպիսով երկրի տնտեսությունը կայուն պահելու կոչից ազդված՝ մի շարք քաղաքացիներ ընդդեմ դոլարի բողոքի ակցիա էին իրականացրել։ Մասնակիցներից մեկը դոլարային թղթադրամով նախ մաքրել էր քիթը, ապա` այրել: Նրան միացել էին բողոքի ակցիայի մյուս մասնակիցները:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը