«Նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը»․ Քոչարյանի գրասենյակը՝ տապալված ասուլիսի և նորի հնարավորության մասին - RadioVan.fm

Онлайн

«Նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը»․ Քոչարյանի գրասենյակը՝ տապալված ասուլիսի և նորի հնարավորության մասին

2018-08-14 14:49 , Политика, 1663

«Նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը»․ Քոչարյանի գրասենյակը՝ տապալված ասուլիսի և նորի  հնարավորության մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.

«Ինչպես գիտեք, այսօր, ժամը 12:00 «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որին հրավիրված էին հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները: Ակնկալվում էր, որ ասուլիսի ընթացքում պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխաններ:

Սակայն մի խումբ մարդիկ, ովքեր հանրությանը քաջածանոթ են որպես մերձիշխանական ակտիվիստներ և Նիկոլ Փաշինյանի մտերիմներ ու զինակիցներ, խանգարեցին դրա անցկացմանը և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայանալով որպես «զայրացած ժողովուրդ»: Սոցիալական ցանցերում ու մամուլում արդեն հայտնվել են հիմնական «դերասանների» անունները, և նրանց ով լինելը տեղի ունեցածի պատվիրատուի մասով որևէ կասկած չի թողնում:

Այսօրվա` լավ ծրագրավորված ու կազմակերպված միջադեպը կարելի էր գնահատել որպես մանր խուլիգանություն և մեծ ուշարություն չդարձնել դրան: Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերի վերաբերյալ: Սակայն, հարկ ենք համարում շեշտել, որ տեղի ունեցածն, ըստ էության, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրության հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը: Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում կամ` ինչպես վերջերս ասել էր հայտնի քաղաքական գործիչներից մեկը` մտքի տեռոր:

Այսօրվա միջադեպը կարծես եկավ հաստատելու քաղաքական դաշտում և հանրության շրջանում օրըստօրե ուժգնացող այն մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ: Հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսանում»։

Հիշեցնենք՝ այսօր կեսօրին Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշման դեմ դժգոհող մի խումբ քաղաքացիներ «Մարդասպան» վանկարկումներով ներխուժել են «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնի մամուլի սրահ՝ տապալելով 12։00-ին նախանշված «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահի մամլո ասուլիսը։

Քոչարյանը, ով հիշեցնենք, կալանքի տակ էր հուլիսի 28-ից, երեկ ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց նրա պաշտպանական կողմի՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ապօրինի որակելով՝ Հատուկ քննչական ծառայությունը հույս է հայտնել, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի։

Դատախազությունից հայտնել են, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո՝ դրան համահունչ բողոք կներկայացնեն:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть