Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց․ նա ազատության մեջ է - RadioVan.fm

Онлайн

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց․ նա ազատության մեջ է

2018-08-13 16:36 , Право, 2625

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց․ նա ազատության մեջ է

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի բողոքի քննության վերաբերյալ որոշումը։

Դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը՝ վերացնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, քանի որ երկրորդ նախագահը անձեռնմխելի է։ «Դատարանը բավարարում է փաստաբանների բողոքը։ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է։ Չի կարող անձը ենթարկվել քրեական պատասխանատվության իր պաշտոնավարման և պաշտոնավարությունից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից»,- լրագրողներին հայտնել է փաստաբան Ռուբեն Սահակյանը՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել դատարանից։

Հիշեցնենք՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու՝ պաշտպանյալների բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանը քննել էր օգոստոսի 9-10-ին՝ դռնփակ նիստում։

Քննվել էր երկու միջնորդություն՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նախկին նախագահին ազատ արձակելու պահանջով, և կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը։

Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է 2008-ի մարտի 1, 2-ին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, երկամսյա կալանքի տակ էր գտնվում հուլիսի 28-ից։ Քոչարյանի շահերի պաշտպանները պնդում են, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Հիշեցնենք՝ ոգոստոսի 8-ին Գլխավոր դատախազությունը մերժեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի 45 պատգամավորների միջնորդությունը: Նշվեց, որ նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդագիր են ներկայացրել նաև Արցախի ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Այդ միջնորդության արդյունքների մասին դեռևս տեղեկատվություն չի հաղորդվել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть