Երեւան-Սեւան էլեկտրագնացքից օգտվող քաղաքացիները տարակուսած են: Բանն այն է, որ հունիսի 16-ից գործարկված Հրազդան-Երեւան-Սեւան սեզոնային գնացքը, որը պետք է երթեւեկեր շաբաթվա բոլոր օրերին՝ բացառությամբ չորեքշաբթի՝ արդեն մեկ շաբաթ է աշխատում է միայն ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին: Էլեկտրագնացքի աշխատանքային օրերի կրճատումը բազմաթիվ անհարմարություններ է ստեղծել այդ գնացքով դեպի իրենց ամառանոցներ և հարակից գյուղեր մեկնող քաղաքացիների համար: Նրանք, նույնիսկ, գնացքի աշխատանքային օրերը վերականգնելու խնդրանքով նամակ են գրել՝ ուղղված «ՀԿԵ» ՓԲԸ տնօրինությանը: Գագիկ Վարդանյանը, ով Նուռնուսում գտնվող իր ամառանոց հասնելու համար այս սեզոնին մշտապես օգտվում է նշված գնացքից՝ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ բերքի ամենաառատ այս շրջանում չի կարող այն տեղափոխել քաղաք, «մարշուտնի տաքսիներով քո բերքը դույլերով չես կարող բերել քաղաք, իմ տարիքն էլ էն է, որ ես ավտոմեքենա չեմ կարողանում վարել: Սա շատ հարմար ա, բառերով չեմ ասում հարմար ա, այլ, իրո՛ք, հարմար ա»,-ընդգծեց նա: Դեպի Նուռնուս ամեն օր աշխատանքի մեկնող Նունե Վարդանյանի խոսքով էլ՝ գնացքի միայն երեք օր աշխատելու հետեւանքով նա ստիպված տաքսիներից ու պատահական մեքենաներից է օգտվում, ինչը գումարային առումով դժվարություններ է ստեղծել: Գնացքը ամենահարմար փոխադրամիջոցն է նաև առուվաճառքով զբաղվող Երեւանի բնակիչ 65-ամյա Օվսաննա Մկրտչյանի համար. «Գնում եմ փեթակից էժան բան եմ առնում գնում եմ Սոլակ, Քաղսի, Ալափարս, փոխանակում եմ անում: Ինձի հարմար չի այլ տրանսպորտներով գնամ, ես գնացել եմ՝ վեշերով եմ, անպատվում են: Արդեն դու էլ էս քաշվում, բալես: Ժողովուրդը այ ըսենց՝ մի ոտով են կանգնում, հազիվ են տեղավորվում: Ինձ համար հարմար ա էս գնացքը: Շատ եմ խնդրում, որ վերականգնվի, շատ լավ կլինի»,-մեզ հետ զրույցում նշեց տարեց կինը:
«Գնացքը միայն Սեւանի լողափեր մեկնողների համար չէ,-նեղսրտում է Երեւանի բնակիչ Հենրիկ Մկրտչյանը, ու հավելում,-դաչա գնացողների համար է, ռայոնում աշխատողների համար ա: Չէ՞ որ մենք էլ ենք օգտվում: Շաբաթ-կիրակի էլ լիքն ա լինում, չես կարում նստես գնաս. սաղ հեծանիվ են դնում, եսիմինչեր են լցնում՝ չես կարողանում հետները նստես գնաս»,-ընդգծում է նա:
«Հրազդան-Երեւան-Սևան սեզոնային գնացքի աշխատանքային օրերի կրճատումը պայմանավորված է ուղեւորահոսքի նվազմամբ»,-մեր ռադիոկայանին տված հարցազրույցում պարզաբանեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար Վարդան Ալոյանը: Ուղևորահոսքի նվազումը, նկատենք, կարող էր և լինել հետևանք՝ հունիսի վերջին և հուլիսի սկզբին հանրապետությունում արձանագրված եղանակային անբարենպաստ պայմանների, մինչդեռ, գնացքի մեքնավարներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, մեզ հետ հետ զրույցում հակադարձեց՝ ոչ թե ուղեւորահոսքն է նվազել, այլ ուղեւորների վճարած ուղեւորավարձն է գրպանվել. «Ես կիրակի օրը(խմբ. հուլիսի 17) տեղափոխել եմ 600-650 ուղեւոր, իսկ պռովոդնիկ Արեւշատ Պողոսյանը կտրոն տվել ա մոտավորապես մի 50 հատ»,-ասաց նա: Արևշատ Պողոսյանը, սակայն, ով Հրազդան-Սեւան գնացքի ուղեկցող-գանձապահն է, մեզ հետ զրույցում բացառեց ուղեւորներին վճարման կտրոններ չտրամադրելու վերաբերյալ վերը նշված տեղեկությունը. «ՀԴՄ կտրոնով ենք տալիս և օֆֆլայն միանգամից տպվում ա էկրանին: Դա ո՞նց կըլնի, նման բան անհնարին ա: Ո՞նց կարաս մարդուց ուղեւորավարձը վերցնես՝ կտրոնը չտաս, դա անհնարին է»,-համոզիչ կերպով ասաց նա:
Հնչեցված իրարամերժ այս կարծիքները, թերեւս, պետք է դառնան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրինության քննարկման և նրանց կողմից ստուգումների առարկա: Արդյունքում, գուցեեւ, ուղևորների խնդրանքը՝ գնացքի աշխատանքային օրերը վերականգնելու վերաբերյալ, ընկերությունը ի կատար ածի:
Աուդիոնյութը՝ այստեղ.