Վերաքննիչ դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի բողոքի քննության վերաբերյալ որոշումը կհրապարակի երկուշաբթի օրը՝ օգոստոսի 13-ին, ժամը 16:00-ին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանը երեկ սկեսեց և այսօր դռնփակ նիստում շարունակեց Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու՝ պաշտպանյալների բողոքի քննությունը։
Քննվում էր երկու միջնորդություն՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նախկին նախագահին ազատ արձակելու պահանջով, և կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը։
Նշենք, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է 2008-ի մարտի 1, 2-ին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, երկամսյա կալանքի տակ է գտնվում հուլիսի 28-ից։ Քոչարյանի շահերի պաշտպանները պնդում են, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Օգոստոսի 8-ին Գլխավոր դատախազությունը մերժեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի 45 պատգամավորների միջնորդությունը: Նշվեց, որ նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը։
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդագիր են ներկայացրել նաև Արցախի ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Այդ միջնորդության արդյունքների մասին դեռևս տեղեկատվություն չի հաղորդվել։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը