«1000 դրամներից» փոխհատուցում կստանան նաև ապրիլյանի զոհերի ընտանիքները և տուժածները - RadioVan.fm

Онлайн

«1000 դրամներից» փոխհատուցում կստանան նաև ապրիլյանի զոհերի ընտանիքները և տուժածները

2018-08-09 15:40 , Общество, 1878

«1000 դրամներից» փոխհատուցում կստանան նաև ապրիլյանի զոհերի ընտանիքները և տուժածները

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներից բխող որոշում է կայացրել, ըստ որի հաստատվել է «Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության,գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ըստ որի՝ «1000 դրամների» օրենքի շահառուներ կհամարվեն նաև 2015 և 2016 թթ․-ի դեպքերի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները կամ նրանց ընտանիքները։

«Գիտեք, որ ընթացիկ կարգով նախատեսվում էր, որ այդ մեխանիզմի շահառու են համարվում 2017-ի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կամ նրանց հարազատները։ Պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկեցինք և պարզեցինք, որ կա հնարավորություն այդ ամսաթիվը երկու տարով հետ տանել։ Ըստ այդմ՝ օրենսդրական կարգավորումը կտարածվի 2015 թ․-ի հունվարի մեկից հետո տեղի ունեցած դեպքերի վրա»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի փոխանցմամբ՝ նշված գործընթացի շահառուներ կարող են դառնալ 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ։

Ի դեպ՝ վարչապետը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հայտնել է, որ իրեն տեղեկանք են տվել, ըստ որի՝ ոչ անհայտ ընկերություններ 1000 դրամների վճարումները չեն կատարում կամ պարտքեր ունեն։

«Այդ ընկերությունների անունները ձեզ կփոխանցեմ: Մենք պետք է կոչ անենք, որպեսզի բոլոր ընկերությունները վճարումները պարտաճանաչ կատարեն, այս հիմնադրամը պետք է շարունակի մեծանալ և շահառու դարձնել ավելի վաղ ժամանակում զոհված և վիրավորում ստացած զինծառայողների»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում 2017թ.-ի հունվարի 1-ից։

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի կողմից մեկ ու կես տարվա ընթացքում հավաքագրվել է ավելի քան 2.2 միլիարդ դրամ։

2017թ. հունվար ամսից մինչ 2018-ի հուլիսի սկիզբ՝ Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված կարգով կատարվել են թվով 16 հատուցումներ, որոնցից 14-ը` զոհված զինծառայողների, 2-ը հաշմանդամ զինծառայողի:

Հավելենք, որ զինվորների կյանքի ապահովագրման Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում աշխատող անձանց կողմից յուրաքանչյուր ամիս փոխանցվող 1000–ական դրամներից, ինչպես նաև անհատների նվիրաբերումներից։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть