ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր կքննի Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ նրա փաստաբանների բողոքը։ Քոչարյանի շահերի պաշտպանները պնդում են, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
«Արդար դատավարություն ենք ակնկալում այսօր, սակայն նկատում ենք այն ճնշումը, որ կա դատարանի վրա: Խոսքը հասարակության որոշ շերտերի ճնշման մասին է»,-նշել է Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ նկատի ունի հասարակության մի որոշակի հատվածի սանձարձակ, անպարկեշտ կարծիքները, որոնց հետևանքով, ըստ փաստաբանի, անկողմնակալ դատավարություն վարող դատավորը կհայտնվի այդ ճնշումների թիրախում։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է 2008-ի մարտի 1, 2-ին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, երկամսյա կալանքի տակ է գտնվում հուլիսի 28-ից։
Նախօրեին Գլխավոր դատախազությունը մերժեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի 45 պատգամավորների միջնորդությունը: Նշվեց, որ նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը։
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդագիր են ներկայացրել նաև Արցախի ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Այդ միջնորդության արդյունքների մասին դեռևս տեղեկատվություն չի հաղորդվել։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը