Բացօթյա առևտրի կանխարգելման ուղղությամբ կտրուկ քայլեր կարվեն․ քաղաքապետարանը կշտկի վերջին շրջանի բացթողումը - RadioVan.fm

Онлайн

Բացօթյա առևտրի կանխարգելման ուղղությամբ կտրուկ քայլեր կարվեն․ քաղաքապետարանը կշտկի վերջին շրջանի բացթողումը

2018-08-08 15:56 , Общество, 1499

Բացօթյա առևտրի կանխարգելման ուղղությամբ կտրուկ քայլեր կարվեն․ քաղաքապետարանը կշտկի վերջին շրջանի բացթողումը

Այսուհետ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների առևտրի պատասխանատուները ոստիկանական խմբերի ուղեկցությամբ օրվա տարբեր ժամերին մայրաքաղաքի տարբեր փողոցներում, մարդաշատ վայրերում, հրապարակներում, այգիներում և պուրակներում ամենօրյա շրջայցներ կիրականացնեն։

«Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ապօրինի բացօթյա առևտուրը վերջին շրջանում հասել է մեծ ծավալների, և հարկավոր է կտրուկ գործողությունների դիմել՝ ապօրինությունները կանխարգելելու համար»,-այսօր Երևանի քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությանն ասել է քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը՝ ընդգծելով, որ կան առևտրի համար առանձնացված վայրեր, և քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան բաժինների խնդիրն է բացառել առևտուրը դրա համար չնախատեսված վայրերում:

Քաղաքապետի պաշտոնակատարը միաժամանակ շեշտել է, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի պահանջների համաձայն՝ կտրականապես արգելվում է մրգի, բանջարեղենի և այլ մթերքների բացօթյա վաճառքը:

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ խորհրդակցությանը ներկա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արտակ Պողոսյանը վստահեցրել է, որ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները քաղաքային իշխանությունների և ոլորտի պատասխանատուների հետ պատրաստ են վճռական պայքար ծավալել բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ:

Կամո Արեյանը առաջարկել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրուկ միջոցներ ձեռնարկել Հանրապետության հրապարակում և այլ վայրերում անհայտ ծագման գազի բալոնների օգտագործումն արգելելու ուղղությամբ, քանի որ դրանց օգտագործումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Ելնելով հանգամանքից, որ դրանց միջոցով տեղում որոշ տեսակի քաղցրավենիքների պատրաստումը և վաճառքն առաջացրել է մարդկանց առողջությանը սպառնացող հակահիգիենիկ իրավիճակ՝ քաղաքապետի պաշտոնակատարն առաջարկել է նաև ՀՀ առողջապահության նախարարությանը և սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը կտրուկ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը վերացնելու ուղղությամբ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть