ՀՀ արդարադատության նախարարությունը դատապարտում է վերջին օրերին որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ ուղղված ատելության դրսևորումները և վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծն անցնող քննադատությունները: «Քրեական գործով պաշտպանության իրավունքն արդարադատության հիմնասյունն է»,-ընդգծում են նախարարությունից:
Այդ առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարության տարածած հայտարարությունում միաժամանակ ասված է․
«Մարդու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ: Իրավաբանական օգնությունը տրամադրվում է ցանկացած անձի՝ անկախ անձի կարգավիճակից, մեղսագրվող հանցանքի բնույթից, նախկինում զբաղեցրած պաշտոնից, նրա կողմից իրականացրած գործունեությունից և այլ հանգամանքներից:
Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ժողովրդավարական պետության ու հասարակության հիմնաքարերից է, ինչպես նաև կայուն և հաշվետու պետական համակարգ ունենալու գրավականը:
Ինչ վերաբերում է մեղադրյալի իրավունքների պաշտպանությանը, ապա նշված դեպքերում առանց որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավոր չէ ապահովել ոչ անձի իրավունքների պաշտպանությունը, ոչ էլ արդարադատության իրականացումը:
Հարկ է նշել, որ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Մինչև դատարանի կողմից կայացրած մեղադրական դատավճռի ուժի մեջ մտնելը յուրաքանչյուր մեղադրյալ համարվում է անմեղ, ուստի՝ փաստաբանը չի կարող ստանձնել դատավորի դերը և հրաժարվել որևէ անձի պաշտպանությունից՝ ելնելով նրա մեղավորության կանխավարկածից:
Փաստաբանների կողմից կոնկրետ մեղադրյալի պաշտպանությունը ստանձնելուց հրաժարվելը կհանգեցնի արդար դատաքննության և արդարադատության մատչելիության իրավունքի կոպիտ ոտնահարման: Քրեական արդարադատությունը հիմնված է մրցակցության և գործառութային տարանջատման սկզբունքների վրա: Այլ կերպ ասած՝ դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է ջանասիրաբար կատարի իր գործառույթը. դատախազը մեղադրի, դատավորը դատի, իսկ պաշտպանը՝ պաշտպանի իր վստահորդին օրենքով չարգելված միջոցներով և ելնելով նրա նպաստավոր շահերից: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կառուցել իրավունքի գերակայություն և իրական ժողովրդավարություն:
Պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ նույնիսկ մարդկության և խաղաղության դեմ հանցանքներ կատարելու մեջ մեղադրվող անձանց համար ապահովվել է իրավաբանական օգնությունը՝ ղեկավարվելով արդարադատության շահով:
Հարկ է ընդգծել նաև, որ անթույլատրելի է պաշտպանի նույնացումը վստահորդին: Հայաստանի Հանրապետությունում գործում է անձնական պատասխանատվության սկզբունքը, այսինքն՝ որևէ այլ անձ չպետք է կրի մեղսագրվող արարքից բխող բացասական հետևանքները: Ուստի՝ պետք է բացառել փաստաբանների դեմ ուղղված ատելության ալիքն ու խոսքը, ինչը պայմանավորված է, ընդամենն, օրենքով հանրության անունից իրենց վրա դրված պարտականությունները կատարելով:
Կառավարությունը կարևորում է փաստաբանների մասնագիտական գործունեության առանձնահատուկ դերը ժողովրդավարական հասարակություն կերտելու ճանապարհին և հայտնում է, որ այդ դերից բխող գործունեությանը խոչընդոտելը խաթարում է արդարադատության բուն էությունը»։
Նշենք, որ ավելի վաղ քաղաքացիների որոշ խմբի կողմից այլակարծության հանդեպ անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ իր մտահոգությունն էր հայտնել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ վերջինները վիրավորանքների և սպառնալիքների թիրախ են դարձնում մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց՝ լրագրողներին և փաստաբաններին։
Նկատենք, որ այս օրերին, մասնավորապես, սոցիալական ցանցերում սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ են հասցեագրվում կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը