ՀՀ Գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի 45 պատգամավորների միջնորդությունը:
«Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»,-ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Ներկայացվել է նաև անձնական երաշխավորագիր ներկայացրած պատգամավորների ցուցակը․ «Արա Բաբլոյան, Արփինե Հովհաննիսյան, Էդուարդ Շարմազանով, Վ. Հարությունյան, Միհրան Հակոբյան, Կարինե Աճեմյան, Ջեմմա Բաղդասարյան, Կնյազ Հասանով, Արսեն Միխայլով, Արմեն Աշոտյան, Անդրանիկ Հարությունյան, Արամ Հարությունյան, Հարություն Կարապողոսյան, Աշոտ Արսենյան, Հակոբ Հակոբյան, Կարեն Ավագյան, Արայիկ Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան, Ռոբերտ Սարգսյան, Շուշան Սարդարյան, Հերմինե Նաղդալյան, Մարգարիտ Եսայան, Արտաշես Գեղամյան, Նաիրի Սահակյան, Գագիկ Մելիքյան, Ռուստամ Մախմուդյան, Արայիկ Գրիգորյան, Սամվել Նիկոյան, Շուշան Պետրոսյան, Հայկ Բաբուխանյան, Գալուստ Սահակյան, Սամվել Ֆարմանյան, Խոսրով Հարությունյան, Միհրան Պողոսյան, Իշխան Զաքարյան, Կարեն Բեքարյան, Ռուզաննա Մուրադյան, Արթուր Գևորգյան, Կորյուն Նահապետյան, Տաճատ Վարդապետյան, Կարեն Կարապետյան, Ավետ Սարգսյան, Արմենուհի Կյուրեղյան, Ռոմիկ Մանուկյան, Ռուզաննա Առաքելյան»:
Նշենք՝ երեկ երեկոյան Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրապարակեց իր այն պատգամավորների անունները, որոնք ստորագրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդության համար ներկայացված երաշխավորության տակ։ Տարածած հայտարարությունում ՀՀԿ-ն նշել էր․
«ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ Գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունը ստորագրած «ՀՀԿ» խմբակցության պատգամավորների ինքնությունը պարզելու փորձերն առանձին լրատվամիջոցներում վերածվեցին անհարկի շահարկումների: Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում, թե երբ և ինչ պայմաններում հրապարակայնացնել իր՝ այս կամ այն հասարակական նշանակություն ունեցող փաստաթղթի տակ ստորագրելու փաստը:
Վերահաստատելով թե‘ մեր, թե‘ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ներկայացուցիչների կողմից արված այն հայտարարությունը, որ նշված ցուցակն իրենից որևէ գաղտնիք չի ներկայացնում՝ այժմ հրապարակում ենք «ՀՀԿ» խմբակցության կողմից ստորագրած պատգամավորների անունները»։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է 2008-ի մարտի 1, 2-ին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, կալանքի տակ է գտնվում հուլիսի 28-ից։ Նրա խափանման միջոցը փոխելու միջնորդագիր են ներկայացրել նաև Արցախի ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Արդյո՞ք դատախազությունը ստացել է այդ միջնորդությունը․ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ առայժմ կարող է խոսել միայն ՀՀ ԱԺ պատգամավորների ներկայացրած միջնորդության արդյունքի մասին:
Հավելենք, որ վաղը՝ օգոստոսի 9-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվելու է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ նրա փաստաբանների բողոքը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը