Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 4-ին Երևանից վերադարձել է Մոսկվա՝ անցնելով իր պարտականությունների կատարմանը ամբողջ ծավալով։ Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ պաշտոնական կայքից։
Հիշեցնենք՝ Յուրի Խաչատուրովը Երևան էր ժամանել՝ հուլիսի 26-ին ներկայանալու Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) հարցաքննության՝ «Մարտի 1»-ի գործով։
Սակայն որպես վկա հարցաքննության կանչված Խաչատուրովին, ով 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը, մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ 2008 թվականի մարտի 1, 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններին այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար։
Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել 5 միլիոն դրամ գրավը:
Օրեր առաջ ՀԿԾ-ից հստակեցրին, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ սահմանված խափանման միջոցը արգելք չէ երկրից բացակայելու համար։
Նշենք, որ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի ապրիլի 14-ից:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը