Ներառական լողափ՝ Սևանի ափին - RadioVan.fm

Онлайн

Ներառական լողափ՝ Սևանի ափին

2018-08-02 15:39 , Общество, 1793

Ներառական լողափ՝ Սևանի ափին

Սևանի ափին գործարկվել է ներառական առագաստանավային կենտրոն։ Այն տեղակայված է Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում՝ «Հայկական ճամբար» կազմակերպության ճամբարի տարածքում։

Խորհրդանշական կապույտ երիզը կտրողները հաշմանդամություն ունեցող անձինք են եղել։

Լողափը հագեցված է տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար անհրաժեշտ ենթակառուցվածներով և գույքով: Տարածքն ունի մատչելի սանհանգույց-լոգարան, դեպի ափ տանող ճանապարհ-ուղիներ, հարմարեցված ժամանակակից նավամատույց, լողափնյա հանդերձարան, ջրային հատուկ լողագույք և մարզագույք: Կենտրոնում հասանելի են ջրային ներառական վարժանքների մի քանի տեսակներ՝ առագաստային սպորտ, թիավարում, ֆրիդայվինգ, ներառական զբոսանավային շրջագայություն։

«Մենք աշխատում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ, որոնցից շատերը զբաղվում են ջրային տարբեր մարզաձևերով և, ընդհանուր առմամբ, ապրում են ակտիվ կյանքով: Նրանց համար շատ կարևոր է ինքնուրույն հասնել ջրին, զգեստափոխվել, լողալ և արևայրուք ընդունել: Կենտրոնը հատուկ սարքերի ու ենթակառուցվածքներիշնորհիվ տրամադրում է նման հնարավորություն»,-ներառական կենտրոնի բացմանը նշել է Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը։

Նշենք, որ մատչելի լողափի բացման նախագիծը իրականացվել է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի կողմից՝ «Սպիտակ ձեռնափայտ» ՀԿ-ի (Ռուսաստան) հետ համատեղ, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և Երևանի գիտության ու կրթության ռուսաստանյան կենտրոնի աջակցությամբ:

«Լողափի առաջին խմբային հյուրերն արդեն ճանապարհին են. ընդամենը մի քանի օրից այստեղ կմեկնարկի Արցախի վերականգնողական կենտրոնի ճամբարը։ Ապագայի ծրագրեր ունեն նաև նախաձեռնողները. սեպտեմբերին կայանալիք միջազգային սպորտային ներառական ճամբարի մասնակցության հրավեր ստացավ նաև նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը»,-հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Лента

Рекомендуем посмотреть