Յուրի Խաչատուրովը կարող է բացակայել երկրից - RadioVan.fm

Онлайн

Յուրի Խաչատուրովը կարող է բացակայել երկրից

2018-08-02 14:31 , Право, 2190

Յուրի Խաչատուրովը կարող է բացակայել երկրից

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը արգելք չէ երկրից բացակայելու համար․ հստակեցնում են Հատուկ Քննչական ծառայությունից (ՀՔԾ)՝ նշելով, որ նա որոշակի ժամանակահատվածով կարող է բացակայել Հայաստանի Հանրապետությունից: Վարույթն իրականացնող մարմինն այդ մասին տեղեկացրել է Խաչատուրովին:

Նշենք, որ նախօրեին Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալը չի կարողանում մեկնել ՌԴ` կատարելու իր` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները։ Փաստաբանը նշել էր, որ ՀՔԾ-ն արդեն երկու օր է` չի պատասխանում իրենց ներկայացրած միջնորդությանը։

Հիշեցնենք՝ «Մարտի 1»-ի գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելը: Նրա նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակումը։

Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։

Հայաստանի արտգործնախարարությունը շաբաթ օրը՝ հուլիսի 28-ին հայտնեց, որ նախաձեռնել է ՀԱՊԿ-ում Խաչատուրովին փոխարինելու գործընթաց։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть