Կալանավորներն իրացրել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր - RadioVan.fm

Онлайн

Կալանավորներն իրացրել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր

2018-07-31 18:05 , Право, 1844

Կալանավորներն իրացրել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր իրացրած անձանց ինքնությունը։

Հիշեցնենք՝ 2016 թվականին տարբեր քաղաքացիներից ահազանգեր էին ստացվել, որ ձեռք են բերել Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի տոմսեր, որոնք, ենթադրաբար, պետք է տեղի ունենային երկու տարբեր օրերի, սակայն տոմսերում մատնանշված օրը պարզել են, որ իրականում նման միջոցառումներ նախատեսված չեն եղել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

«Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են իրականում չնախատեսված մշակութային միջոցառման կեղծ տոմսերի իրացման հանգամանքները, մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Այսպես՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կատարված առերևույթ խարդախությունն իրականացվել է ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավորների կողմից։

«Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը՝ ծնված 1976թ, իրականում չնախատեսված մշակութային միջոցառման մասնակցության կեղծ տոմսերի իրացմամբ տարբեր անձանցից գումարներ հափշտակելու շուրջ 2016թ. մայիսին նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ում գտնվող մեկ այլ կալանավորի հետ, ծրագրել ու մշակել է կալանավայրից առերևույթ հանցագործության կատարման մեխանիզմը, կատարել դերաբաշխում: 42-ամյա տղամարդը, համացանցի միջոցով ձեռք է բերել տարբեր պոլիկլինիկաների, բժշկական կենտրոնների ու ընկերությունների հեռախոսահամարները, զանգահարել և դրանց տնօրեններին ներկայացել իբրև Երևանի քաղաքապետարանի աշխատակից, տեղեկացրել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված ենթադրյալ միջոցառման կազմակերպման մասին և առաջարկել գնել տոմսեր: Իսկ նույն ՔԿՀ-ի մյուս կալանավորը, մոլորեցնելով ազատության մեջ գտնվող իր ծանոթներին, նրանց միջոցով իրականացրել է այդ տոմսերի առաքում-վաճառքը, դրանց գումարների հավաքագրումը: Արդյունքում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ընկերությունների հետ, իսկ կեղծ տոմսերից ստացված գումարները հափշտակվել են»,-հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Բացի այդ, նշվում է, որ 42-ամյա կալանավորը, գայթակղվելով կատարված առերևույթ խարդախության հաջողությունից, 2016թ. սեպտեմբերին շարունակել է նույն գործունեությունը, այս անգամ՝ միանձնյա: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 42-ամյա կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ մյուս կալանավորին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 42 անձ ճանաչվել է տուժող։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Նշենք, որ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը, ով շուրջ 43 տարի ղեկավարեց Հայաստանի պարի պետական անսամբլը, կյանքից հեռացավ 84 տարեկան հասակում՝ 2011 թվականին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть