Հայաստանում թավշյա հեղափոխությունից ամիսներ են անցել, բայց մարդկանց աչքերը շարունակում են փայլել․ թուրքական թերթը՝ տպավորություններով - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում թավշյա հեղափոխությունից ամիսներ են անցել, բայց մարդկանց աչքերը շարունակում են փայլել․ թուրքական թերթը՝ տպավորություններով

2018-07-31 15:25 , Общество, 1814

Հայաստանում թավշյա հեղափոխությունից ամիսներ են անցել, բայց մարդկանց աչքերը շարունակում են փայլել․ թուրքական թերթը՝ տպավորություններով

«21-րդ դարի անարյուն հեղափոխություն». այսպես է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը բնորոշել Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած «թավշյա հեղափոխություն»-ը։

«Թեև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից արդեն ամիսներ են անցել, բայց մարդկանց աչքերը շարունակում են փայլել, բոլորը լի են հույսով և ապագայի նկատմամբ հավատով։ Երևանցիները պատմում են, որ նախկին վախի մթնոլորտը արդեն վերացել է։ Մարդիկ ժպտում են։ Մինչև հիմա բոլոր զրույցները միայն բողոքներ էին պարունակում։ Հիմա մարդիկ մտածում են, թե ինչպես կարող են լուծումներ գտնել»,-«ermenihaber.am»-ի փոխանցմամբ՝ գրում է հոդվածի հեղինակ Նազան Օզջանը։

Հեղինակը նկատում է, որ Երևանում, որտեղ վերջին տարիների ամենատաք ամառներից մեկն է տիրում, երջանիկ ու խաղաղ դեմքեր են հանդիպում․ «Նրանք գիտակցում են, որ փոփոխությունները մի ակնթարթում չեն լինելու, բայց հավատացած են, որ փոփոխելու ուժն իրենց ձեռքերում է։ Անգամ ծանր տնտեսական վիճակը չի ստվերում հեղափոխության երջանկությունը։ Փողոցները մինչև գիշերվա 02։00-ը լի են մարդկանցով, երիտասարդները զվարճանում են, խանութներում առևտուր են անում, ռեստորաններում ազատ տեղ գտնելը դժվար է»։

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունն անցավ ցույցերը կազմակերպող ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին, ովքեր հանրության հետ փողոց էին դուրս եկել։ «Ամենակարևորը՝ արյուն չթափվեց։ 11-րդ օրվա վերջին, երբ Սարգսյանը հրաժարական տվեց, Երևանի փողոցներում և հատկապես Հանրապետության հրապարակում ամբոխները պարում էին», -գրում է հեղինակը։

Թերթի հետ հարցազրույցում երևանցի երիտասարդներից մեկը պատմել է, որ օրեր առաջ ՀՀ նոր վարչապետը մենակ՝ առանց թիկնապահների, քայլելով անցել է այն սրճարանի մոտով, որտեղ նա աշխատում է։ «Սովորական մարդկանց նման», -հիացմունքով հավելել է նա։ Իսկ մի կին պատմել է, թե ինչպես է նորանշանակ կրթության նախարարն աշխատանքից ազատել այն դպրոցի տնօրենին, որտեղ հակառակ հրանհանգի շարունակել են նախկինի պես ուսուցիչների համար թանկարժեք նվերների գումարներ հավաքել աշակերտներից։

Հեղինակը նկատում է նաև, որ հեղափոխությունից հետո ժողովրդի պահվածքն էլ է փոխվել։ Որպես օրինակ նշվում է այն հանգամանքը, որ մարդիկ արդեն ավելի հաճախ գնումներ են կատարում մանր և միջին առևտրականների խանութներից, այլ ոչ թե օլիգարխներին պատկանող հսկա սուպերմարկետներից։

Лента

Рекомендуем посмотреть