«Ծախսված» գումարները խիստ ուռճացված են․ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը փաստեր է հրապարակել - RadioVan.fm

Онлайн

«Ծախսված» գումարները խիստ ուռճացված են․ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը փաստեր է հրապարակել

2018-07-30 15:37 , Политика, 1408

«Ծախսված» գումարները խիստ ուռճացված են․ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը փաստեր է հրապարակել

2014-2018թթ․ Էջմիածնի քաղաքապետարանը «Համաքաղաքային միջոցառումների կազմակերպում» տողի ներքո ծախսել է 169,119,235 ՀՀ դրամ։

Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:

«Այսպես, համաքաղաքային միջոցառումների կազմակերպման, ապրանքների գնման, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար գումարները տրամադրվել են հիմնականում մեկ Ա/Ձ-ի, որը, հարկային մարմիններում գրանցված լինելով բոլորովին այլ գործունեության տեսակով, պարզվում է՝ բավական բազմաֆունկցիոնալ է եղել և բոլոր միջոցառումներին ընդառաջ (ենթադրաբար) ձեռք է բերել սնունդ, կենցաղային ապրանքներ, մատուցել ծառայություններ, անգամ քաղաքապետարանի համար ձեռք բերել ոսկյա մատանիներ՝ Տյառնընդառաջի տոնին նորապսակներին նվիրելու համար։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ամեն ապրանքի կամ ծառայության համար չդիմել մասնագիտացված կազմակերպության և նրանից ուղղակի ձեռք չբերել ապրանք կամ չստանալ ծառայություն, այլ օգտվել ինչ-որ միջնորդ Ա/Ձ-ից, որը այլ գործունեության տեսակով է գրանցված հարկային մարմիններում և շատ մեծ հավանականությամբ, ժողովրդական լեզվով ասած, փայ է մտել իր միջնորդական առաքելության արդյունքում»,-գրել է Դիանա Գասպարյանը:

Նա, միաժամանակ, ընդհանրացնելով փաստել է, որ «համաքաղաքային միջոցառումների համար «ծախսված» գումարները թվում են խիստ կասկածելի, ուռճացված և չհիմնավորված»․

«Վերջում պարզապես մի քանի հետաքրքրական թիվ․

ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 9,150,000 ՀՀ դրամի, որից 2014 թվականին՝ 1,550,000 ՀՀ դրամ, 2015 թվականին՝ 1,000,000 ՀՀ դրամ, 2016 թվականին՝ 3,200,000 ՀՀ դրամ և 2017 թվականին՝ 3,400,000 ՀՀ դրամ։ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐ՝ 6,544,240 ՀՀ դրամի, որից 5,004,000 ՀՀ դրամը միայն 2015 թվականին։ Ծաղիկների մասին էլ արդեն գիտեք՝ չնայած նախկինում հրապարակված տարեկան 7,200,000 ՀՀ դրամը նշված գումարների մեջ չի մտնում․ դա ներառված է «Բարեկարգում» տնօրինության ծախսերում, պարզապես համաքաղաքային միջոցառումենրի ժամանակ էլ քաղաքապետարանն օգտվել է նույն Ա/Ձ-ից։

Դե փորձեք մարսել այս թվերը՝ առանց հիշելու մանկապարտեզների պատուհաններն ու հնամաշ գույքը»։

Որպես հետգրություն՝ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը հիշեցնում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նշյալ բոլոր գումարները պետք է տրամադրվեին ավագանու որոշումներով, այնինչ, քաղաքապետը դրանք տրամադրել է սեփական միանձնյա որոշումներով։

Հիշեցնենք՝ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից հունիսի 17-ին հրաժարական տված Կարեն Գրիգորյանը հոր՝ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քննվող յուրացման եղանակով իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման և յուրացման քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նրա կատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть