Կարգին Հայկոն՝ Փաշինյանի թիմի քաղաքապետի թեկնածու - RadioVan.fm

Онлайн

Կարգին Հայկոն՝ Փաշինյանի թիմի քաղաքապետի թեկնածու

2018-07-30 12:22 , Политика, 2390

Կարգին Հայկոն՝ Փաշինյանի թիմի քաղաքապետի թեկնածու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուի անունը հայտնի է։ Նախօրեին կայացած վարչության նիստից հետո որոշում է կայացվել քաղաքապետի թեկնածու առաջադրել վերջերս նշյալ կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանին (առավել հայտնի է Կարգին Հայկո մականունով)։

Այդ մասին վարչության մի քանի ժամ տևած նիստից հետո հայտնել է Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Ալեն Սիմոնյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, նշենք, չորս հոգի էր ինքնաառաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու՝ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, դերասան Հայկ Մարությանը, սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը, ով հետո ինքնաբացարկ է հայտնել, և վարչապետի օգնական Սրբուհի Ղազարյանը: Երկրորդ փուլ էին անցել Հայկ Մարությանը և Ալեն Սիմոնյանը, որի արդյունքներով էլ ընտրվել է Հայկ Մարությանը։

Դերասանը, հիշեցնենք, ապրիլ-մայիսին ակտիվորեն մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի առաջնորդած համաժողովրդական շարժման երթերին ու հանրահավաքներին, պարբերաբար հարթակից ելույթներ էր ունենում։

Մայրաքաղաքաը շուրջ 7 տարի ղեկավարած Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից։ Հուլիսի 16-ին նշանակված քաղաքապետի արտահերթ ընտրության օրը ավագանին իր կազմից նոր քաղաքապետ չընտրեց, նիստը տապալվեց քվորումի բացակայության պատճառով, առաջադրված միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էր։

Այժմ կառավարությունը պետք է ցրի ավագանին՝ միաժամանակ նշանակելով արտահերթ ընտրություններ: Երևանի մասին օրենքի համաձայն՝ արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть