Հեռանում եմ՝ Հայաստանին սիրահարված. արաբ բլոգերը ամփոփում է հայաստանյան այցը - RadioVan.fm

Онлайн

Հեռանում եմ՝ Հայաստանին սիրահարված. արաբ բլոգերը ամփոփում է հայաստանյան այցը

2018-07-27 17:26 , Общество, 2097

Հեռանում եմ՝ Հայաստանին սիրահարված. արաբ բլոգերը ամփոփում է հայաստանյան այցը

Նյույորքաբնակ արաբ բլոգեր Նաս Դեյլին, ով համացանցում հայտնի է աշխարհի այս կամ այն վայրի մասին պատմող 1 րոպե տևողությամբ հոլովակներով, հերթական՝ ամփոփ տեսանյութն է հրապարակել Հայաստանի մասին, որը, ի դեպ, շեղվում է ավանդական ձևաչափից՝ ձգվելով շուրջ 4 րոպե։

Բլոգերը նշում է, որ Հայաստանը մեկն է այն փոքր երկրներից, որոնց մասին շատերը չգիտեն, բայց որոնք գոյություն ունեն ու շատ հետաքրքիր են:

Նաս Դելյին կրկին իր ոգևորությունն է արտահայտում Երևանի տարբեր անկյուններում հանդիպող ցայտաղբյուրներների հանգամանքի շուրջ,հիշեցնում հանրակրթական դպրոցներում շախմատի ուսուցման մասին, փաստում, որ Հայաստանն աշխարհի ամենահին վայրերից մեկն է, ավելի հին, քան Հռոմը:

Բլոգերը նշում է, որ Հայաստան էր գալիս երկրի մասին ոչինչ չիմանալով, իսկ հիմա հեռանում է դրան սիրահարված:

«Ինձ ապշեցրեց այն փաստը, որ այսքան փոքր երկիրը, որի մասին ես նախկինում ոչինչ չգիտեի, այսքան շատ բան մյուս պետություններից տարբեր է անում․․․Առաջին եկեղեցիները կառուցվել են հենց այս երկրում, իսկ ես այդ մասին գաղափար անգամ չեմ ունեցել»,-բարձրաձայնում է բլոգերը՝ ում համոզմամբ, թեև, քարտեզի վրա ներկայացված են աշխարհի բոլոր երկրները, այնուհանդերձ, աշխարհը դեռ բացահայտման կարիք ունի»։

Ավելի վաղ, հիշեցնենք, Հարվարդի շրջանավարտ Նաս Դեյլին Հայաստանի մասին պատմող իր առաջին հոլովակում անդրադարձել էր ցայտաղբյուրներին՝ արձանագրելով՝ «Սա անվճար ջրի երկիր է»։

Հաջորդ տեսահալովակով նա բացահայտում է, թե ինչու են Հայաստանը «շախմատի երկիր» անվանում՝ նկարահանումներում ներգրավելով ինչպես դպրոցահասակ շախմատ խաղացող երեխաներին, այնպես էլ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, գրոսմայստեր Լևոն Արոնյանին։

Բլոգերի՝ Հայաստանի մասին պատմող մեկ այլ հոլովակի հերոսը 65-ամյա հայ անվաչմշկորդ Լևոնն էր։ «Այս մարդը չունի տարիք և երբեք չի մեռնելու. ծանոթացեք նա Լևոնն է և նա ապրում է իր կյանքի ամեն օրը»,-այսպես էր միլիոնավոր հետևորդներ ունեցող Նաս Դեյլին նկարագրել իր հայաստանյան հերոսին։

Մեկ այլ տեսահոլովակում էլ Նաս Դեյլին բացահայտում է, թե Ինչո՞ւ են Հայաստանում տաքսիներն ավելի լավը։

Նշենք, որ Հարվարդի շրջանավարտ Նյուսեիր Յասինը՝ նույն ինքը՝ Նաս Դեյլին, հաջողակ կյանք վարելով Նյու Յորքում՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունում վաստակելով տարեկան $ 120,000, երկու տարի առաջ՝ 2016-ին, որոշում է կայացնում ճանապարհորդել։ 26-ամյա երիտասարդին չի լքում այն զգացողությունը, որ կյանքը անցնում է իր կողքով։

Այդպիսով՝ նա 2016-ի փետրվարից սկսում է իր ճամփորդությունները աշխարհի տարբեր երկրներ` դրանց մասին իր բացահայտումներով մեկ րոպե տևողությամբ տեսանյութերով կիսվելով իր հետևորդների հետ: Իր ճամփորդության 829-րդ օրը նա ժամանեց Հայաստան։

Միայն «Ֆեյսբուք» սոցիալական կայքում ծագումով արաբ բլոգերն այսօր 7 մլն-ից ավելի հետևորդ ունի։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть