Դաշնակցությունը խիստ մտահոգիչ է համարում Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը - RadioVan.fm

Онлайн

Դաշնակցությունը խիստ մտահոգիչ է համարում Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը

2018-07-27 15:27 , Политика, 1500

Դաշնակցությունը խիստ մտահոգիչ է համարում Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տարածել է հայտարարություն, որով մտահոգիչէ համ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է համարում։

Այդ առնչությամբ տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Երկրում ընթացող վերջին իրադարձությունների կապակցությամբ հայտնում ենք, որ օրինականության հաստատման, օրենքի առջև բոլորի հավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը ողջունելի են։

Խիստ կարևոր է, որ բոլոր գործընթացները տեղի ունենան իրավական հարթության վրա՝ օրենքի տառին ու ոգուն համապատասխան և որևէ հիմք չտան տարատեսակ մեկնաբանությունների և քաղաքական շահարկումների համար։

Երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերները արդյունավետ հաղթահարելու կարևորագույն գրավականն ամուր պետությունն է, ազգային միասնականությունը և ներհասարակական համերաշխությունը։

Արցախի և Հայաստանի շուրջ առկա ռազմաքաղաքական լարվածությունը թելադրում են պետական բոլոր հաստատությունների և, առաջին հերթին, Հայոց բանակի հանդեպ հավատը խաթարող որևէ դրսևորման բացառում։

Համոզված ենք, որ իշխանությունները պետք է իրականացնեն ժողովրդին համախմբողի գործառույթ և որևէ հարցի հետապնդման ձև չպետք է վտանգի այդ համախմբվածությունը։

Այս համատեքստում ենք դիտարկում նաև 2008 թ. մարտի 1-ի և նորանկախ պետականության նախընթաց ժամանակահատվածի այլ ողբերգական իրադարձությունների առարկայական, անաչառ ու համակողմանի քննությունը։

Այս առումով մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք»։

Հիշեցնենք՝ «Մարտի 1»-ի գործի շրջանակում Հատուկ քննչական ծառայությունում նախօրեին վկայի կարգավիճակով հարցաքննությունից հետո ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը։ ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատական նիստը, որը գիշերը հետաձգվել էր մինչև այսօր ժամը 11-ը, վերսկսվել է։

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններում սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ, ով երեկ «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել որպես վկա։ Այս պահին դատարունում քննվում է նրա՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը։

Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть