Հունաստանում հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի․Եվրամիությունում խոնարհվել են դրոշները - RadioVan.fm

Онлайн

Հունաստանում հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի․Եվրամիությունում խոնարհվել են դրոշները

2018-07-25 18:35 , Мир, 2187

Հունաստանում հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի․Եվրամիությունում խոնարհվել են դրոշները

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մոտակայքում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 79-ի, անտառային հրդեհներից տուժել է 187 մարդ։

Նախօրեին, նշենք, հաղորդվում էր 60 զոհի, 172 տուժածի մասին։

Ուժեղ քամու պատճառով կրակը արագ տարածվում է։

Հարյուրավոր հրշեջներ պայքարում են կրակի դեմ, փրկարարները նավերի և ուղղաթիռների օգնությամբ բնակիչներին հեռացնում են վտանգավոր վայրերից:

Կրակը ոչնչացրել է ավելի քան 1000 տուն և մի քանի հարյուր ավտոմեքենա։

Հունաստանի մայրաքաղաքի արվարձանների որոշ բնակիչներ ապահովության նկատառումներով լքել են իրենց տները։

Հունաստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ հրդեհից ՀՀ քաղաքացիներ և հայեր չեն տուժել։

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, ով նախօրեին ընդհատել էր Բոսնիա և Հերցեգովինա կատարած այցն ու վերադարձել հայրենիք, Աթենքի մերձակայքում բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների հիշատակին երկրում եռօրյա սուգ է հայտարարել։

Սուգ է հայտարարել նաև Եվրամիությունը․ Եվրախորհրդարանում Եվրոպայի ինստիտուտների նստավայրերի առջև խոնարհվել են դրոշները:

Եվրահանձնաժողովում բոլոր աշխատանքային նիստերն այսօր սկսվել են լռության րոպեով։

Հունաստանի վարչապետը օգնություն է խնդրել Եվրոպական միությունից:

Haber7-ի փոխանցմամբ՝ պաշտոնական Հունաստանը հրաժարվել է Թուրքիայի` անտառային հրդեհները մարելուն ուղղված օգնությունից։

Աղբյուրի հաղորդմամբ՝ թուրքական կողմը երկու անգամ օգնության առաջարկ է արել․ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անձամբ զանգահարել են Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին և արտգործնախարար Նիկոս Կոտզիասին: Սակայն Հունաստանը հրաժարվել է օգնությունից: «Միևնույն է, շուտով անձրև կգա»,- ասել է Կոտզիասը:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել Հունաստանին՝ հրդեհաշիջման աշխատանքներում։

Հունաստանի իրենց պաշտոնակիցներին նախօրեին ցավակցական հեռագրեր են ուղարկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Հիշեցնենք՝ Աթենքի մերձակայքում մոլեգնած հրդեհների պատճառը ուժեղ քամիների պայմաններում շուրջ 40 աստիճանի տապն է։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть